ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ այս նախագիծը ՊՆ-ի առաջարկով ատոմային ռումբ է Հայաստանի տակ։
«Քվոտավորում դրեցիք, ես՝ ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկյանս, պատրաստ լինելով վճարել 24 միլիոն՝ չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ ու դիմում եմ Սահմանադրական դատարան՝ ասելու, որ իմ հարևանը գույքային առավելություն ուներ ու կարողացել է վճարել և չծառայել, իսկ ես՝ ոչ»,- նշեց Մանուկյանը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ն է պնդել, որ քվոտարումը ներառվի նախագծում։
«Մենք գտնում ենք, որ զորակոչի, տվյալ զորակոչի մարդկային ռեսուրսի, մեր թվաքականի ու այլ հանգամանքների վերլուծության արդյունքներով միայն ՊՆ-ն պետք է որոշի, թե դիմումների ընդունման կարգն ինչպես է իրականացվելու ու քանի մարդ է կարողանալու տվյալ զորակոչից օգտվել»,- նշեց Սարգսյանը։
Գեղամ Մանուկյան էլ ընդգծեց՝ օրենքը կարող է քվեարկվել ու պարզվի, որ որևէ մեկը 24 միլիոնով, 18 միլիոնով չի ազատվի, որովհետև ՊՆ-ի քվոտավորման մեխանիզմը ստեղծում է բոլոր նախադրյալները, որ առաջիկա 10 տարին որևէ մեկը չկարողանա օգտվել։
Պատգամավորը, առիթից օգտվելով, ՊՆ-ին կոչ-խնդրանք ուղղեց։
«Կոչս ու խնդրանքս է ՊՆ-ին՝ բանակի հեղինակության հարց է, Արծրուն Հովհաննիսյանին արգելեք քաղաքական միջոցառումների, կրթվելուն մասնակցի»,- հավելեց նա։
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց Արծրուն Հովհաննիսյանի «իրեն տալ»։
Նշենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։
ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել։
«Ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»,- կառավարության նիստում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։
«Պաշտպանության մասին» օրենքում կնախատեսվի մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամային պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։