Այնպես չի, որ հայկական կողմը հնարավորություններ չունի համարժեք գործողությունների դիմելու, բայց էսկալացիոն գործողություններ չպետք է թույլ տրվեն. Արմեն Խաչատրյան


Այնպես չի, որ հայկական կողմը հնարավորություններ չունի համարժեք գործողությունների դիմելու, բայց էսկալացիոն գործողություններ չպետք է թույլ տրվեն. Արմեն Խաչատրյան
Մայիս 29 16:44 2025

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով սահմանային վիճակի մասին։

«Ցավոք սրտի, սահմանային այդ հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ, հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, և եթե անգամ կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ-որ չափով հնարավոր է՝ լսում են մեր գյուղերում և ցանկացած կրակոցի ձայն անհանգստացնում է»,- ասաց նա՝ պնդելով, որ գյուղացիներն անհանգստացած են, բայց խուճապ չկա։

«Այնպես չէ, որ հայկական կողմն այդ հնարավորությունները չունի՝ համարժեք գործողությունների դիմելու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին, և էսկալացիոն գործողություններ չպետք է թույլ տրվեն»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ՀՀ զինված ուժերը հավասարակշռված գործողություններ են իրականացնում, և ՀՀ-ից էսկալացիոն գործողություններ հնարավոր չի սպասել։

ՔՊ-ական պատգամավորը շեշտեց՝  խաղաղությունն այլընտրանք չունի․«Մեր երկու երկրների միջև դա լինելու է: Խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիան լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները: Սրանք պրոցեսներ են և պետք է դրա միջով անցնել»։

Նա հիշեցրեց՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց քննությունից պարզ կլինի նաև, թե արդյո՞ք թիրախային են կրակել տների ուղղությամբ, թե՞ պատահաբար է դիպել։