Իշխանափոխությունից հետո բազմաթիվ գույքեր ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը վստահեցնում է, որ ինքը մինչեւ 2018թ.–ն էլ եղել է հաջողակ գործարար։
«Ինձ որակում են որպես իշխանությունների սրտի օլիգարխ, բայց ես մինչև 2018թ. հեղափոխությունն էլ արդեն հաջողակ գործարար էի, ունեցել եմ մի շարք ձեռարկություններ: Զբաղվել եմ շինանյութի մեծածախ եւ մանրածախ առեւտրով, հացահատիկի ներկրմամբ, շինարարական կազմակերպությամբ։ 2014թ.–ին եղել եմ խոշոր հարկ վճարողների ցանկանում։ Փակված արտադրություններ եմ ձեռք բերել եւ վերազինելով ունեցել եմ հաջողություններ»,– այս մասին «Հետքին» տված հարցազրույցում ասել է գործարարը։
Անդրադառնալով Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրի և Հովիկ Աբրահամյանի առանձնատան ձեռքբերմանը՝ Նալբանդյանը նշել է, որ դրանք իր համար պարզապես հերթական ձեռքբերումներ են եղել. «Գոլդեն Փելեսը պատրաստ եմ վաճառել ՀՀ ցանկացած քաղաքացու այն գնով, ինչ գնով գնել եմ»։
Նարեկ Նալբանդյանը հայտարարեց, որ այդ հյուրանոցն էլ, առանձնատունն էլ իր բիզնես կապիտալում ամենաէժան գույքերն են։