«Սրանք իմ ձեռքից պրծում չունեն». հերթական ՔՊ-ականից մերժում ստանալով՝ Ղազարյանը նրա փոխարեն «հանդիպում» կազմակերպեց իր ուսապարկի հետ


«Սրանք իմ ձեռքից պրծում չունեն». հերթական ՔՊ-ականից մերժում ստանալով՝ Ղազարյանը նրա փոխարեն «հանդիպում» կազմակերպեց իր ուսապարկի հետ
Մայիս 22 13:12 2025

«Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանն այսօր կրկին ԱԺ-ում էր՝ հանդիպելու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը։

ԱԺ ընդունարանում Էդգար Ղազարյանին ԱԺ քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը նպատակահարմար չի գտնում ընդունել նրան։

Ղազարյանը մերժում ստանալուց հետո հայտարարեց, որ այդուհանդերձ հանդիպում լինելու է «պայմանական պարոն Պարսիլյանի հետ», ապա ուսապարկը դնելով իր դիմաց՝ սկսեց «քննարկումը»։

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ ՔՊ պատգամավորներից այս վերաբերմունքը օրինաչափություն է. «Ես հասկանում եմ, որ օրինաչափություն է, ՔՊ խմբակցության պատգամավորները ինձ հետ չեն հանդիպում, միայն ինձ հետ։ Նրանք ընդգծված խտրական վերաբերմունք են ցուցաբերում»։

Ղազարյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազություն արդեն 4 հաղորդում է ներկայացրել ԱԺ փոխնախագահներ, ՔՊ խմբակցության անդամներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի, Էմմա Պալյանի ու Դավիթ Կարապետյանի վերաբերյալ, որոնք նույնպես քաղաքացիներին ընդունելության շրջանակում հրաժարվել են ընդունել իրեն։ 

«Երեկ գրություն ստացա, որ Ռուբեն Ռուբինյանի մասով դիմումին ընթացք է տրվել, ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն։ Ակնկալում եմ՝ վարույթ կնախաձեռնվի նաև մյուս դիմումներով։ Սրանք իմ ձեռքից պրծում չունեն»,- ասաց Ղազարյանը։