Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրներով պայմանավորված Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի կոնյակագործները։ Ըստ կոնյակագործների, վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ըստ նրանց, տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի «Գեյզի» անցակետում անալիզի, բայց Վրաստանը համարվում է տարանցիկ երկիր, և դրա կարիքը չկա։
«Արդարություն», «արդարություն» վանկարկում են նրանք դեսպանատան դիմաց։
«Նման բան երբեք չի եղել, որ ֆուրերը գնան, ճանապարհին կանգնեն, խնդիրներ առաջանան։ Բայց հիմա արդեն մոտ 2 ամիս խնդիրներ են առաջացնում։ Մենք կմնանք անգործ։ Մոտ 600-700 բանվոր մնալու ենք անգործ, եթե հարցին լուծում չտրվի»,- լրագրողներին ասաց «Պռոշյան» գինու, կոնյակի գործարանի աշխատակից Վաղնիկ Աղաջանյանը։
Նա նշեց, որ իրենց պահանջն է, խնդրանքն է թույլ տալ հայկական բեռներն անցնեն, իրենք էլ շարունակեն իրենց բնականոն աշխատանքը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ Հայաստանում Վրաստանի դեսպանությունն այն մարմինը չէ, որ պետք է լուծում տա խնդրին։
«Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր պարզաբանել, որ դրանք մաքսային գործընթացներ են, ոչ մի ենթատեքստ, դիտավորություն չկա։ Բայց ափսոսանքով պետք է ասեմ, որ խնդիրն արդեն մեկ ամսից ավելի լուծում չի ստանում։
Այն, ինչ որ հիմա տեղի է ունենում վրացական կողմից, բացարձակապես հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին որպես տրանզիտային բեռներ, դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեին Վրաստանի տարածքով։ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։ Զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները, Հայաստանի ներկայացուցիչն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դեռևս չի դիմում՝ արտահայտելու դժգոհությունը»,- ասաց Գ.Մակարյանը։
Նա նշեց, որ Վրաստանի տնտեսությունը գտնվում է Թուրքիա-Ադրբեջան երկվորյակային զույգի ազդեցության տակ. «Առաջին գործընկերը Թուրքիան է Ադրբեջանի հետ վերցրած։ Վրաստանը, կարծում եմ, հարկադրված եմ ասում, հաճոյանում է թուրք-ադրբեջանական երկվորյակային զույգին»։
Մակարյանն ասաց, որ Վրաստանում վերցնում են արտահանողների փաստաթղթերը, ուսումնասիրում, տեսնում են կոմերցիոն գաղտնիքներ՝ ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը. «Ենթադրում եմ՝ այդ տվյալները փոխանցելու են իրենց կոնյակագործներին, փորձելու են այս շուկան խափանելով՝ իրենք աստիճանաբար գրավեն։ Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ»։
Գ.Մակարյանի խոսքով, Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է արտադրում, Ադրբեջանն էլ ունի կոնյակ, թեև որակով զիջում են, տարբերվում են, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը Վրաստանի միջոցով գրոհում են հայկական կոնյակագործության, խաղողագործության վրա։
«Վաղը, մյուս օրը խաղողը պետք է մթերվի, պատկերացրեք՝ եթե չմթերվի, ինչ դժգոհություն կլինի գյուղացիների կողմից, դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ, գինի արտադրողների, խաղող մշակողների միջև»,- ասաց Մակարյանը։
Նա նշեց, որ կան գործարաններ, որոնց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել այս քաշքշուկի պատճառով։
Գ.Մակարյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է դիմի ԵԱՏՄ-ին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու բեռները հիմնականում արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես ՌԴ, Առևտրի համախաշխարհային կազմակերպություն։