Այսօր Ազգային ժողովի տղերքը բռուցքներով խաղի հերթական «սեանսն» են ցուցադրել։ Քաղաքական դիսկուրսը դարձյալ «արա՛, ա՛յ տղա», «այ տղան դո՛ւ ես», «քեզ դուրս կշպրտեմ» շրջանակներում էր։ Հետո մի ոտ էլ առաջ գնացին․ «Ինձ թուրք ասողի՝ հերը», «Իմ պապուն թուրք ասողի՝ հերը», «հե՛րն էլ , մե՛րն էլ, լա՛վն էլ, ընտանի՛քն էլ․․․» վիճակների մեջ։ Ազգային ժողովի ամբիոնի մոտ ու նիստերի դահլիճում «կատու ճղող» ու «քֆուր տվող» տղերքը մեր զավակների ապագան կերտողներն են, մեր հայրենիքի նյութական բարիքները տնօրինողները , մեր օրենսդիրները ու մեզ կառավարողները։ Եւ, ցավոք սրտի, նրանց այդ վարքը արդեն այնքան սովորական է դարձել, որ եթե որ մի օր նիստին «կուրիոզը» պակասում է, դա լուրջ անհանգստանալու առիթ է, որ կարող է հաջորդ օրն արդեն իրական «բռունցքներով խաղի» ականատեսը դառնանք։
Եւ հարց է ծագում՝ ժամանակը չէ՞ արդյոք փողոցային պահվածքով ու վարքուբարքով փողոցից եկած տղաներին հետ ուղարկել փողոց։ Բայց, չէ՛․ փողոցում նույնիսկ այսպես չէ։ Կան հստակ կանոններ, նորմեր, որ փողոցը պահում է․ փողոցում առնվազն հորը, մորը, լավին ու սրբություններին չեն կպնում։ Բայց դա փողոցի օրենքներն են։ ԱԺ օրենքներով, պարզվում է՝ կպնում են։
Քաղաքական կուլտուրայի ու մշակույթի այլասերումն ու բարոյազրկումը լուրջ խորհելու տեղիք է։ Այս մարդիկ տեսակ, ազգ ու պետություն են ներկայացնում աշխարհում, այդ մարդիկ մեզ են ներկայացնում, նրանք մեր էլիտան են։ Գիտեք՝ ո՞րն է էլիտան․ սերուցքը, ներկայացուցչական խավը, կառավարող ուղեղները։ Ու այս վարքի ու քաղաքական արժեքների կրողներին մի ամբողջ երկիր ենք վստահել, մեզ ու մեր ընտանիքներին, մեր զավակներին․․․
Հայրենի օրենսդիրների փչացած գործողությունները կանգնեցնել է պետք։ Բայց ո՞վ է լինելու այդ կանգնեցնողը․ Այդ մարդը չկա։ Մարդը, որն ի պաշտոնե պետք է ստանձներ այդ գործառույթները, ի՛նքն է պարբերաբար հայտնվում գլխավոր հերոսի դերում նույն Ազգային ժողովում։ Զորօրինակ՝ անցած շաբաթ։
Նա արդեն ո՛չ միայն ծամածռվում ու գոռում –բղավում է, ո՛չ միայն մատ է թափ տալիս , այլ կոնկրետ սպառնում է՝ բոլորին տանել լցնել ԱԱԾ պադվալներն ու «կոկորդներ կտրել»․․․ Եւ մեկ ոստյուն պարզապես պակասեց, որ իջներ ԱԺ ամբիոնից ու հարձակվեր կանանց վրա․․․
Սա մեր ողբերգությունն է։ Նման իշխանություն ունենալը ողբերգություն է մեզ եւ նվեր մեր թշնամիների համար։ Ադրբեջանական, թուրքական տիկտոկյան ալիքների գլխավոր դերասանները հայտնվել են մի տեղում, որի դերն ու արժեքը այդպես էլ չպատկերացրին։
Ի վերջո, ի՞նչ է կառավարությունը, Ազգային ժողովը, ովքե՞ր են իրենք, ի՞նչ են անում այնտեղ․․․ի՞նչ ասել է քաղաքական մշակույթ ու կուլտուրա, դիվանագիտական շփման որակ․․․
Ստորաքարշ ու գռեհիկ վարքը պարզ մի մեսիջ է արտաքին աշխարհին, որ մտքի ու բարոյականության սնանկությունը, ոգու սովը հասել է կատարելության, որ մարդկային այս միավորումը հետընթաց է ապրել եւ դեգրադացիան տանում է պետության փլուզման։
Միջազգային հարթակում քաղաքական լուրջ խաղացողներից ովքե՞ր կուզենան ձեռքսեղմում անել ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքը «քֆուրի» հետ շփոթող կամ «քֆուր կերած ու տակը մնացած» այդ տղերքի հետ։ Մարդիկ, որոնք ինտենսիվորեն, չափավորված դոզայով ամեն օր ավելի են պղծում մեր երկիրը, ազգային ինստիտուստներն ու արժեքները, իրենց հետ միասին խորը դեգրադացիայի մեջ են ընկղմում մի ամբողջ ազգ ու պետություն։
Հետաքրքիր է, երկրագնդի վրա ուրիշ մի տեղ, մի պետություն կա՞, որ նույն ինտենսիվությամբ երկրի օրենսդիր մարմնում իրար են հայհոյում, սպառնում, ու վիրավորում։ Համենայնդեպս, մեզ նկատելի չէ։ Նախկինում էլ հազվադեպ հանդիպող դեպքերում անգամ կռիվ-վիճաբանությունները այնքան ցածր ու ճղճիմ չէին, որքան այսօր։
Հետ գնալով այս ամենի պատճառահետեւանքային կապերի մեջ, արդեն յոթ տարվա հեռվից ուրվագծվում է, որ փողոցներում ավտոբուսների տակ պառկող, դագաղների հեղափոխությամբ ու ֆեյքերով իշխանության եկած տղերքի որակը պե՛տք է որ ուրիշ լիներ։ Ցավոք սրտի, այդ որակի պտուղները ճաշակողները հենց մենք ենք։
Հիմա հասկանանք՝ ինչ է սա տալիս կողմերին․Իշխանությունը խորը ցնցումների մեջ է։ Խաղաղության օրակարգով, կառուպցիայի դեմ պայքարով, «ապագա կա» խոստումներով, 7 տարվա քաղաքական կուրսը տապալած, երկիրը պարտության տարած քաղաքական ուժին անգամ ամբողջ Արցախը կորցնելուց հետո չի հաջողվում Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել։ 2026-ից առաջ, սա ՔՊ-ի վերջնական տապալումը կլինի։ Իշխանությունը ամեն գնով ցանկանում է ունենալ ստագրված մի փաստաթուղթ՝ հանրությանը ներկայացնելու համար։ Մինչդեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ շարունակում է կապկել՝ «կստորագրենք, չենք ստարագրի»։ Ահա՛, սա է ՔՊ-ի բաց նյարդը։ Ալիեւի պակասող ստորագրությունը «ցուգցվանգի» մեջ է գցել ՔՊ վերնախավին, որոնք իրենց պրկված նյարդը հանգստացնում են Խորհրդարանում ու հետն էլ ցույց տալիս, որ եթե Ալիեւը չստորագրի, իրենք կպարտվեն ու հեռակա իրենց դաշնակցային գործընկերությունը կփլուզվի։ Եւ միգուցե վերադառնան ռեւանշի ուժերը։
Մնում է հասկանալ՝ ի՞նչ է ստանում այս ամենից ընդդիմությունը։ Մասնավորապես «Հայաստան» դաշինքը, որը այսքանից հետո էլ հրաժարվում է «իմպիչմենտ» հայտնել Փաշինյանին։ Մասնավորապես Լեւոն Քոչարյանին ի՞նչ է տալիս ԱԺ պատգամավորի կարգավիճակն ու մանդատն այսօր, որ պատրաստ է հանուն դրա անգամ հանդուրժել անգամ հանգուցյալ պապի նկատմամբ ՔՊ-ականների փողոցային վիրավորանքն ու հայհոյանքները։ Այս հարցի հասցեատերը հայր ու որդի Քոչարյաններն են։ Հատկապես հայրը․ համենայնդեպս, նա գիտի հարցի պատասխանը, թե ինչու «Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են ամեն օր էլ ծեծ ուտել, բայց չմիանալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին։