Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր. Տիգրան Ավինյան


Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր. Տիգրան Ավինյան
Մայիս 9 10:48 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ։

«Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես միլիոն հայ է մասնակցել պատերազմին, որից արհավիրքին զոհ է գնացել շուրջ 300 հազարը։

Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին՝ ռազմաճակատի կարիքների համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ և այլն։ Հայ ժողովրդի հարյուրավոր զավակներ են արժանացել ԽՍՀՄ բարձրագույն կոչումների։ Հայերը մարտնչել են նաև արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա շարժումներում՝ հերոսանալով դաժան կռիվներում և անձնուրացության ու քաջության օրինակ ծառայելով։

Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը, դիմադրունակությունն ու կամքը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։

Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա»,- ասվում է ուղերձում։