Խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձինս մեծությամբ երկրորդը համարվող, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, երեկ վերջնականապես լվաց ձեռքերը եւ կողքի քաշվեց․ իրենք արդեն իսկ «կրել են»։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հաղթանակ» դրոշակներով ու «Կրելու ենք» կարգախոսով խորհրդարանում հայտնված «փրկիչները» վերջնականապես մերկացան, երբ քաղաքական օրակարգ նետվեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։
Նրանք ասում են՝ կտարմադրեն 28 պատգամավորի ստորագրություն իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ հայտարարեն անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
Այս հայտարարությունը չէր լինի այսքան զավեշտալի, եթե հեղինակը լիներ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է հայտարարել, եթե հրապարակը պահանջի իրենից հեռանալ, ինքը կգնա։
Հիմա նույնը «Հայաստան» դաշինքն է ասում․ եթե՛ ժողովրդին մոբիլիզացնեն, եթե՛ ձեւավորվի հրաժարականի պահանջ եւ հրապարակ, եթե՛ ՔՊ-ից էլ ութ ստորագրություն պոկեն, ասում են՝ իրենք կմիանան։ Այո՛, կեցցեն նրանք, եթե Փաշինյանն էլ հեռանա, դեմ չեն լինի իշխանությունը վերցնելու։ Հոյակապ է ասված։ Մնում է հասկանալ՝ ով է անելու իշխանափոխությունը եւ սկուտեղի վրա մատուցելու իշխանությունն իրենց եւ ասելու «բարով կառավարեք»։
2020-ից հետո երկրում համընդհանուր համամարդկային բողոքն ու ընդվզումը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Քաղաքական, սոցիալական, եւ տնտեսական վառվող տակառի վրա նստած իշխանության մեջ ճաքերն այնքան նկատելի են, որ Փաշինյանի թիմը մի կերպ սանձվում է իրավական բեսպրիդելի մահակով։ Առնվազն մի քանի անգամ հրապարակը ընդդիմությանը ձեռնոց է նետել եւ պահանջել իմպիչմենտ կամ հրաժարական, իսկ ընդդիմությունը խորհրդարան է գնացել՝ հայտարարելով, որ ոչ թե Նիկոլի այլ սեփական օրակարգով են գնում ․․․ եւ ի վերջո «կրելու են»։ Հիմա պարզ տրամաբանական հարց է հնչում՝ ո՞րն էր այդ օրակարգը,արդյո՞ք «կրել են» արդեն, եւ ամենակարեւորը՝ ում ընդդիմությունն է խորհրդարանական ընդդիմությունը՝ Հայաստանի ժողովրդի՞ Քոչարյանի՞, թե՞ Փաշինյանի։
Եթե ծառայում են Հայաստանի ժողովրդին, ապա միանշանակ պետք է սպասարկեն ժողովրդի շահը եւ ժողովրդի օրակարգը․ ընդդիմությունն ինքը պետք է նախաձեռներ իմպիչմենտի գործընթաց, որի բոլոր հիմքերն ու նախադրյալները կան, նշմարվում են նաեւ միջոցներն ու հեռանկարները։ Եւ եթե դա չի անում ընդդիմությունը, ուրեմն կա՛մ անփառունակ անձեռնահասության մեջ է եւ ավելի հիվանդ ու տկար է, քան քայքայվող իշխանությունը, կա՛մ էլ կոնկրետ իշխանական, միգուցե նաեւ՝ կոալիցիոն շահ է սպասարկում։ Ասենք օրինակ՝ Քոչարյան-Փաշինյան կոալիցիոն շահ։
Եթե մերժում է ընդդիմությունը իմպիչմենտի օրակարգը՝ վաղօրոք ազդարարելով դրա տապալման հեռանկարի մասին, ապա պետք է առնվազն այլ լուծում առաջարկի։ Ի վերջո, ավելի «ընդդիմադիր» չէ՞, գեներացնել գործընթացն ու թեկուզ տապալել, քան ի սկզբանե ձախողել այն՝ փոխարենը ոչ մի այլ լուծում չառաջարկելով։
Ո՞րն է ընդդիմության գործառույթն այսօր․ գնալ խորհրդարան «կրելու» դրոշո՞վ, բեմադրել գզվռտո՞ց, հետո միջանցքներում հաշվտե՞լ, գնալ գործուղումների ու թեյախմությա՞ն։
Սա ում շահի սպասարկումն է, եթե ոչ իշխանության։ 2026-ից առաջ էլ դառնալ ՔՊ-ի անվտանգային բարձիկը, եւ ամուլ ընդդիմության դիրքերում ապահովել իշխանության վերարտադրություն։ Հարց է ծագում․ Իսկ ո՞րն է այստեղ իրենց սեփական շահը։ Խորհրդարանական ընդդիմությունը արդեն վաղուց հաշտվել է պալատական ընդդիմության կեցվածքին։ Ի վերջո այնքան էլ վատ չէ «հզոր» ելույթներ ունենալը, «փրկչի» լուսապսակով ամբիոնի մոտ իջնելը, Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելը ․․․։ Ահա հենց այստեղ է կայանում Փաշինյան-Քոչարյան զույգի կոալիցիոն գաղափարի գեներացումը։
Այսքանից հետո ՀՀ քաղաքացուն երկու ճանապարհ է մնում․ կա՛մ վերջնականապես գտնել այն երկար փնտրված երրորդ ուժին, /ուժերին/ ու հասնել իշխանափոխության, կամ թուլանալ ու հաճույք ստանալ մինչեւ վերջ։
Հ․Գ․ Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Պատիվ ունեմ»–ը դեռ պաշտոնական հայտարարություն այս գործընթացի վերաբերյալ չի արել։ Ակնհայտ է, որ մինչև մայիսի 8–ը ՊՈՒ–ն ևս պետք է իր դիրքորոշումը հայտնի, ինչին էլ կանդրադառնանք հաջորդիվ։