ՊԵԿ-ը գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան


ՊԵԿ-ը գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան
Ապրիլ 18 11:13 2025

ՊԵԿ-ը գրեթե միշտ սխալվում է. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։

«2019-ից մինչև 2024 թվականը ՀՀ ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից ՊԵԿ-ի դեմ կայացվել է 7163 դատական ակտ, իսկ օգտին՝ 1257, մնացածն էլ քննության մեջ են։ Ստացվում է՝ ՊԵԿ-ը պարտվում է դատական գործերի մոտ 80 տոկոսի դեպքում։

Ի՞նչ է դա նշանակում։

Նշանակում է, որ ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, որ կարողանա գործ բացելուց առաջ ճշգրիտ հետազոտություններ անել, նոր մեղադրանքներ ներկայացնի բիզնեսի դեմ, արդյունքում ՊԵԿ-ի բոլոր որոշումների 80 տոկոսը իսկբանե սխալ են։

Բայց դա էդքան խնդիր չէր լինի, եթե էդ սխալ որոշումների հիման վրա ՊԵԿ-ը չվնասեր Հայաստանի տնտեսությանն ու բիզնեսին։

Հերթով ներկայացնեմ ՊԵԿ-ի հակատնտեսական գործունեության տրամաբանությունը։

  1. Քայլ առաջին։ ՊԵԿ-ը «նախնական հարկային հաշվարկ» է անում (որը հիշում ենք, որ 80 %-ով սխալ է լինելու)։

Այդ «նախնական հարկային հաշվարկի» ենթադրյալ խախտումը հենց անցավ 10 միլիոն դրամը, ՊԵԿ-ը գործը տալիս է Քննչական կոմիտե, որ քննիչները զբաղվեն։

  1. Քննչական կոմիտեն իրավունք չունի չարձագանքելու դիմումին ու քրեական գործ է բացում բիզնեսի վրա ու հաճախ դիմում է խիստ քայլերի, ասենք՝ արգելում են բիզնեսի գործունեությունը, ձերբակալում են գործարարին, «դիմակահանդես են կազմակերպում» բիզնեսի վրա և այլ նմանատիպ հակահաբեկչական ոճի գործողություններ։
  2. Գործարարը կամ բանտարկվում է, կամ, եթե կարողանում է, ապա վճարում է ՊԵԿ-ի «նախնական հարկային հաշվարկի» հիման վրա կազմված թիվը ու չի բանտարկվում։
  3. Գործարարը դատի է տալիս ՊԵԿ-ին, քանի որ վստահ է, որ «նախնական հարկային հաշվարկը» սխալ թիվ է, ու արդեն գիտենք՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 80 %-ի դեպքում ՊԵԿ-ը պարտվում է, քանի որ սխալ հաշվարկներ են արել։
  4. Արդյունքում մենք ունենում ենք 1-2-3 կամ 6 ամիս պառալիզացված բիզնես, որի զարգացումը կանգնում է կամ հետ է գնում, հարկային մուտքերը տվյալ բիզնեսից պակասում են, գործարարի մոտիվացիան ՀՀ իրավաբանական տարածքում զարգանալու վերանում է և այլն։
  5. Այս ամբողջ ընթացքում ՊԵԿ-ը թեման քցում է քնչականի վրա, թե՝ իրենք են ձերբակալել, մենք կապ չունենք։ Քնչականն էլ ասում է՝ մենք չէինք կարող գործողությունների չդիմել, քանի որ ՊԵԿ-ը հաշվարկել ու դիմել է մեզ, չենք կարող գործին ընթացք չտալ։

Նման անարդար ու անգրագետ քայլերի արդյունքում տվյալ բիզնեսի շրջակա գործարարներն էլ հասկանում են, որ Հայաստանը հարմար տարածք չի գործարարությամբ զբաղվելու համար, քանի որ ցանկացած գործարար ցանկացած պահի կարող է ահաբեկիչի կարգավիճակ ստանա, ու տվյալ գործարարին որպես ահաբեկիչ վերաբերվեն։ Էս վախի մթնոլորտի տնտեսական հետևանքները պատկերացնո՞ւմ եք։

Մի գործարար ընկեր ունեմ, հիմա տեղափոխվեց ԱՄՆ, ինքը միշտ կրկնում էր, որ ցանկացած գործարար Հայաստանում քրեական հանցագործ է, ինչ էլ որ անի, ուղղակի ազատ ենք, քանի դեռ ՊԵԿ-ը չի որոշել մեզանով զբաղվել։ Նկատի ուներ՝ մեր օրենսդրական դաշտի պատճառով բոլորի վրա էլ կարելի է խնդիր գտնել ու դատել, իսկ հետո կպարզվի որ սխալ թեմայով էին դատում բայց արդեն ուշ է։

ՊԵԿ-ում հաստատ չեն պատկերացնում, չեն հաշվարկում, ու ընդհանրապես՝ խնդիր էլ չունեն հաշվարկել իրենց գործունեության տնտեսական հետևանքները։ ՊԵԿ տեսուչները բոնուս են ստանում ամեն տուգանքից, անկախ նրանից՝ թե հետագայում այդ տուգանքը 80 տոկոսի հավանականությամբ չեղարկվելու է, թե ոչ, բայց ՊԵԿ տեսուչն իր բոնուսը կստանա, իսկ իր համար դա է ամենակարևորը։

Ինչ անել։

  1. Առանց պատշաճ հարկային ստուգման՝ գործերը չտալ քրեական։

Թե չէ հիմա «նախնական հարկային հաշվարկով» ենթադրություններ են անում, ենթադրությունների հիման վրա քրեական գործ են բացում, հետո նոր անցնում են ստուգմանը։

Պետք է արմատախիլ անել ՊԵԿ-ի ռեպրեսիվ գործելաոճը։

ՊԵԿ-ը կոչված է պետական բյուջեն համալրելու՝ խելամիտ, կանխատեսելի ու երկարաժամկետ հարկային քաղաքականության միջոցով։ Բայց ներկա պրակտիկայում այն վերածվել է տնտեսությունում ռեպրեսիվ, վախի մթնոլորտի ձևավորման աղբյուրի, որի գործունեությունը հաճախ պետությանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։

  1. Պետություն-գործարար հարաբերությունների մոդելի փոփոխություն։

Ներկայումս գործող մոդելում գործարարը դիտարկվում է որպես նախնական մեղավոր, ինչը հակասում է ինչպես արդար դատավարության, այնպես էլ տնտեսական զարգացման տրամաբանությանը։ Այս մոդելը ենթադրում է, որ գործարարը պարբերաբար փորձելու է խաբել պետությանը, իսկ պետությունը պետք է ուժի կիրառմամբ կանխի դա։ Իսկ առաջադեմ մոդելներում պետությունը գործում է գործակցային սկզբունքով՝ նախ՝ բացատրելով, հետո՝ ուղղելով, և միայն եթե գործարարն է դիտավորյալ խախտում, անցնում է պատժիչ միջոցների։

  1. Վնասի տնտեսագիտական հաշվարկի մեխանիզմի պարտադիր ներդրում, այդ թվում ՊԵԿ-ի կամ քնչական գործունեության արդյունքների հաշվարկում։

Կարելի է ընդգծել, որ Հայաստանում չկա ոչ մի մեխանիզմ, որով գնահատվում է՝ արդյոք հարկային տեսուչի կամ քննիչի գործողությունները հանրային վնաս են պատճառում, թե ոչ։ Կամ գուցե ավելի շատ վնաս են պատճառում, քան բիղնեսի կանխատեսվող խախտումն էր։ Օրինակ, եթե տվյալ բիզնեսի կալանավորման արդյունքում նվազում են նրա գործունեության շրջանառությունը, աշխատավարձերի ֆոնդը, արտահանումը կամ ՀԴՄ շարժը, ապա դա պետական եկամուտների ուղղակի կորուստ է։ Բայց այդ կորուստը որևէ պետական մարմին երբևէ չի հաշվարկում և չի ներառում որոշումների արդյունքի մեջ։

  1. Պատասխանատվություն կրելը՝ երկկողմանի պետք է լինի։

Եթե գործարարը, օրինակ, չարաշահում է, նա կրում է պատասխանատվություն։ Բայց եթե տեսուչը կատարում է սխալ որոշում, որն ապացուցվում է դատարանում, որևէ մեխանիզմ չկա, որով գնահատվում կամ պատժվում է տվյալ սխալի գինը պետության համար։

Այսպիսի միակողմանի պատասխանատվության համակարգը ոչ թե կարգավորում է տնտեսությունը, այլ խեղում է այն։

Եթե Հայաստանը ցանկանում է ներգրավել միջազգային ներդրումներ, իրեն տեսնել որպես միջազգային ֆինանսական կամ գործարար հանգույց, ապա հարկային մարմնի գործունեությունը պետք է կառուցել ոչ թե վախի մթնոլորտի, այլ համագործակցության վրա։

Իսկ հարկային սխալ որոշումների դեպքում պետական աշխատողը նույնպես պետք է կրի սահմանափակ, բայց հստակ պատասխանատվություն։ Առանց այս փոփոխությունների մենք չենք կարող ունենալ առողջ ու զարգացած տնտեսություն»,-գրել է նա։