Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում էր՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։
ԱԱԾ-ն օրեր շարունակ հրապարակային որևէ անդրադարձ չի կատարել դեպքին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):