Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է. Մարտուն Գրիգորյան


Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է. Մարտուն Գրիգորյան
Մարտ 28 12:45 2025

«Իշխանություններն այդ սցենարը եփում են։ Այս օրերի ընթացքում իշխանությունն առավոտից իրիկուն մի բան է անում՝ հարցումներ է տեղադրում, որոնց արդյունքում նաև ՔՊ առաջին համարը, իրենք իրենց առաջին ու երկրորդ տեղն են նշանակել»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն առաջարկ է արել ընդդիմադիրներին՝ «եթե ձեզանից որևէ մեկը հավաքի իրենից ավելի շատ ձայն, պատրաստ է առանց որևէ պայմանի միանալ ձեզ, իսկ եթե ինքը հավաքի բոլորից շատ ձայն, դուք միանաք ու իրեն դարձնեք քաղաքապետ», այս պայմանը իր համար ընդունելի՞ է։ 

Ըստ նրա, ՔՊ տեղական իշխանությունները, պատգամավորները Գյումրու քաղաքապետարանի դիմաց կանգնած հարցազրույցներ են տալիս, որ Մարտուն Գրիգորյանն ու մյուսներն իրենց ձայները տալու են Վարդան Ղուկասյանին։ 

«Իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ, ու այն գյումրեցին, ով պատրաստ է Մարտուն Գրիգորյանին, Ռուբենին, Կարենին ձայն տա, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չէ, հետևություն՝ մարդիկ մտածում են, որ եթե Մարտուն Գրիգորյանին պետք է ձայն տա, արդյունքում այդ ձայները տա Վարդանին, որին չի ուզում տեսնել քաղաքապետ, նստելու է տանը, ընտրության չի գնալու։ Իշխանությունը կոնկրետ հակաքարոզչություն է անում»,- ասաց Մ. Գրիգորյանը։ 

Նա ընդգծեց, որ իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ 

«Ես չեմ ասում Վարդան Ղուկասյանը կգնա իշխանության հետ համագործակցության, ասում եմ՝ իրեն կիզոլացնեն, դրա արդյունքում նորից ժամանակավոր պաշտոնակատար, լարվածություն»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։ 

Հարցին՝ ընդդիմադիր ուժերով կոալիցիա կազմելու ի՞նչ սցենար ունեն, Մ. Գրիգորյանն ասաց. «Ձևը գտնելու ենք, մի բան անելու ենք։ Մի անհանգստացեք, ձևը գտնելու ենք, Գյումրիում կարգավորելու ենք այս խնդիրը»։ 

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Մարտուն Գրիգորյանի հոր և որդու  նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդությունը։