ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ խորհրդարանում․
«Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է:
Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում:
Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով՝ հետևյալ խնդիրներն է լուծում․ առաջինը` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ, երկրորդը` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով՝ փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա, երրորդը` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա:
Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրությանը որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին:
Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել:
Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն:
Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:
Սա՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առ ոչինչ է դառնում»: