«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:
Մասնավորապես, աղմկահարույց կրակոցներից հետո իրավապահ համակարգը կալանքի է տանում հիմնականում կամ բացառապես «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի շրջապատի անձանց։
Ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները:
Նախաքննական մարմինը անուններ չի տվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել քրեական հետապնդման ենթարկված անձանց անունները, որոնց զգալի մասը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատի անձինք են։
Ըստ մերձավանցիների այս պահին կալանավորված են.
1) Արմեն Ղազարյանը
2) Մարզպետ Գալստյանը
3) Պայքար Գրիգորյանը
Վերջինս համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի հարազատ եղբայրն է։ Սևակ Գալստյանը, Վոլոդյա Խդրյանը, տնային կալանքի տակ գտնվող Արթուր Գալստյանը, Վահրամ Նահապետյանը, Անդրանիկը, Արտյոմ Հակոբյանը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատից են։
Իսկ ահա Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի շրջապատից նախաքննական մարմինը
տնային կալանքի տակ է պահում միայն մարտիկ Բաղդասարյանին, Արսեն Մադոյանին։
Ամենազարմանալին այն է, որ վարչական շրջանի ղեկավար Ախտոյանը դեպքի օրը իր բնակարանից հետեւում էր կրակոցներին ու հանցագործությունը չէր կանխում, ինչի հետեւանքով իր հորաքրոջ որդին սպանվեց, որից հետո Ախտոյանին իրավապահները տուժող են ճանաչել։
Հիշեցնենք, որ կրակոցները Մերձավանում հնչել էին փետրվարի 5-ին։ Ըստ Մերձավանցիների` համայնքում տեւական ժամանակ նախկին ու ներկա պաշտոնյաները գյուղը բաժանել են երկու մասի եւ գյուղի տղաների հանել միմյանց դեմ։ Անգամ, ըստ լուրերի, կրակոցներից առաջ Ախտոյանի թիմակիցները մարդ են ծեծել, եւ ծեծի շուրջ վեճը այնքան է տարածվել, որ հնչեցին կրակոցներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 03․ 25 թ համարում։