ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ


ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ
Մարտ 20 19:47 2025

ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում: Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ ԳՄ-նը․

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

- Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,

- Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության ևհամերաշխության համար,

- Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների և գործիչների ջանքերը,

- Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար և կայուն խաղաղություն հաստատելու հարցում,

- Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝

- Ի հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,

- Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,

- Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձեւաչեփերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,

- Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,

-  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է  ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում»։