Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան


Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան
Մարտ 15 16:12 2025

Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է։

«2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան, առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու, ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ:

Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր, փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս:

Գործընկերների հետ ստանձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ:

Հիշեցման կարգով՝ վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված, բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի դատարան՝ չեմ նկատել»,-գրել է նա: