«Այն, ինչ հիմա կա, ուղղակի սարսափելի է, անհամատեղելի է պետության հետ». Փաշինյանը խոստովանեց՝ կրիպտոարժույթների ոլորտը կատարյալ չեն կարող կարգավորել (Տեսանյութ)


«Այն, ինչ հիմա կա, ուղղակի սարսափելի է, անհամատեղելի է պետության հետ». Փաշինյանը խոստովանեց՝ կրիպտոարժույթների ոլորտը կատարյալ չեն կարող կարգավորել (Տեսանյութ)
Փետրվար 27 12:25 2025

Կառավարությունը հավանություն տվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։

Սույն օրենքի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում հաճախորդների ու կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, կրիպտոակտիվների շուկայի արդար և թափանցիկ գործունեության ապահովումը և կրիպտոակտիվների շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն՝ ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ, պատշաճ կերպով կարձագանքի ֆինանսական կայունությանը, փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը ու այլ ռիսկերին։

ԿԲ-ն նաև կհամագործակցի այլ երկրների կարգավորող ու վերահսկող մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակեպությունների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է, ամեն ինչ կատարյալ չի լինելու։

«Պետք է միանգամից ասեմ, որ այս կարգավորումը չի լինելու կատարյալ ու այսքան տարի այդ կարգավորմանը չենք գնացել՝ մտածելով՝ բա որ չլինի կատարյալ։ Այն չի դարձել կատարյալ ու չի դառնալու, բայց մենք պետք է մտնենք ու կարգավորենք ոլորտը, պետք է ուղիղ ասել՝  պետական կառավարման համակարգը հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին»,- ընդգծեց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այլընտրանք չկա, պետք է գնալ այս քայլին։

«Սկիզբը շատ բարդ է լինելու, բայց բոլորս պետք է հասկանանք, որ սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն։ Կարծում եմ՝ այս մեկնարկը ճիշտ է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝  այս օրենքի ընդունումը չի կարող վատ լինել. «Այն, ինչ հիմա կա, ուղղակի սարսափելի է, ուղղակի անընդունելի է, դա անհամատեղելի է պետության հետ»։