«Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է». հաստատվեց ՀՀ կառավարության ծրագրի 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը


«Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է». հաստատվեց ՀՀ կառավարության ծրագրի 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը
Փետրվար 27 11:44 2025

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Այն կներկայացվի Ազգային ժողով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զեկույցը ամենայն մանրամասնությամբ կքննարկեն ԱԺ-ում, բայց կառավարությունում մի քանի անդրադարձ կատարեց։

Փաշինյանի խոսքով՝ 2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է ավելի քան 10,1 տրլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5,9%-ով։

«2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։ 2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը ապահովված է»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե 2024 թվականի միջին տարեկան արդյունքներով՝ ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է 760 555 մարդ։ Այս ցուցանիշը, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ,  ավելի է 203 878 մարդով կամ 36,6 %-ով,  իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 882-ով կամ 5,2 %-ով:

2024 թվականի արդյունքներով՝ տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով:

Հայաստանում գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25,3 տոկոս, իսկ 2023-ի նկատմամբ եղել է 0,3 տոկոս։

«Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ից մինչև 2024 թվականը ներառյալ Հայաստանի տնտեսությունն աճել է  43,5 տոկոսով։

«Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»,- ասաց նա։

Վարչապետը գործադիրի բոլոր անդամներին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։

«Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»,- հավելեց նա։