Այսօր Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի կեղծ դատավարությունից առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մեկնարկել է բողոքի ակցիա։
Ակցիայի մասնակցիները պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համաձայնեց, որ շատերի մոտ այս ակցիաները թերահավատություն են առաջացնում, որ որևէ արդյունք չեն կարող արձանագրել։ «Բայց առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը և՛ հայաստանյան իշխանությունների, և՛ միջազգային կառույցների, այդ թվում նաև ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա, հնարավորինս միջազգային ճնշումներ գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների հայրենադարձմանը»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ իրենք հասկանում են, որ գործ ունեն բռնապետական, ավտորիտար և մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ, որին այս պահին որևէ բան պարտադրելու ջանքերն անարդյունք են։
«Բայց սա որևէ կերպ չի նշանակում, որ պետք է ոչինչ չանենք։ Թե՛ իրավապշտպան համայնքը, թե՛ ՀՀ իշխանությունը՝ կառավարական օղակներով, թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ ՀԿ-ները պետք է իրենց անելիքն անեն»,-ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե Բաքվի դատախազությունը ՀՀ-ին կոչ էր արել իրենց հետ համագործակցել՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դա Բաքվի կողմից վարվող ապօրինական քաղաքականության հերթական դրսևորումն էր․ «Դա, առհասարակ, աբսուրդ եմ գնահատում, և պետք է հույս ու վստահաություն ունենանք, որ նման բան տեղի չի ունենա»։
Ռուբեն Վարդանյանի երեկվա ուղերձի մասով էլ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այն Բաքվի բանտից ևս մեկ անգամ հաստատեց ողջ ճշմարտությունը, որի մասին այս ամբողջ ժամանակահատվածում իրավապաշտպան համայնքը խոսում է․
«Որ սա որևէ ձևով չի կարելի համարել իրավական գործընթաց, որ այս ընթացքում պաշտպանված չեն մարդու ամենատարրական իրավունքները, որ մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում, և այլն։
Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև որ հստակ պահանջներ ձևակերպվեն թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ սփյուռքում մեր հայրենակիցների կողմից և ներկայացվեն միջազգային կառույցներին։ Պետք է այդ կառույցներին հասկացնել և դարձնել օրակարգային այս հարցը։ Միայն դրանից հետո, գուցե, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն աճի։
Ճնշման բազմաթիվ եղանականեր, միջոցներ ու գործիքներ կան, որից որևէ մեկն այս պահին Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ»։