Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան


Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան
Հունվար 15 12:27 2025
Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբեւէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է եւ հարաբերությունների կայունության երաշխիք:
 
Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ եւ պոտենցիալ:
 
Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
 
Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից եւ հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:
 
Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության եւ ինքնիշխանության հիման վրա:
 
Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է եւ զարգացել:
 
Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբեւէ, ինչն արձանագրվում է նաեւ Բրյուսելում:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
 
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ եւ իմաստ են ձեռք բերել:
 
Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են եւ խորանում:
 
Մերձավոր Արեւելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:
 
Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ պետականության հարատեւության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»,-գրել է Փաշինյանը։