Ամեն մարդ իրավունք ունի անել այն, ինչ ինքը ճիշտ է համարում, բայց Երևանի քաղաքապետարանն էլ ունի պարտավորություն իր պատասխանատվության ներքո ծառայությունները մատուցել պատշաճ որակով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-ից սպասվող տրանսպորտի թանկացմանը:
«Եթե մենք ուզում ենք այնուամենայնիվ, Երևան քաղաքում ունենալ բարվոք տրանսպորտային համակարգ, որը օր օրի զարգանում է, օր օրի փոխվում է, համապատասխան քայլերը պիտի ձեռնարկվեն։
Երևանի քաղաքապետարանը չի կարող խորշել նույնիսկ դժվարին որոշումներից, չի կարող դրանցից հրաժարվել և Երևանի քաղաքապետարանը այդ քայլերը անելու է՝ ընթացքում նաև ճշգրտումներ անելով իր գործողություններում, որովհետև վստահաբար այս փոփոխությունը ինքը շատ մեծ փոփոխություն է, և այստեղ հազար ու մի փոքր, բայց կարևոր դետալ կա, որի նկատմամբ մենք պետք է ուշադիր լինենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ այդ թանկացման որոշումը այլանդակ որոշում է, որի դեմ վաղը հավաք են իրականացնելու, Ավինյանն ասաց. «Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ասում էր, որ տրանսպորտի գինը պետք է թանկանա: Իր այսօրվա հայտարարությունները պազրաբանում չեն, մանիպուլյացիա է»:
Հարցին՝ ո՞րն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս հարցում, քաղաքապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն պաշտոնյային պետք է տալ իր կարծիքին վերաբերող հարցեր: Իհարկե եղել է քննարկում: Ես կարծում եմ՝ վարչապետը իր դիրքորոշումը անպայմանորեն կհայտնի այս հարցի վերաբերյալ»: