Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։
«Իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։
Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը վնասվել դրսից, Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի պատճառով: Սա օդանավին պատճառված առաջին վնասն է»,-նշել է նա։
Ալիևը հավելել է, որ գետնից հրետակոծության արդյունքում լրջորեն վնասվել է օդանավի պոչային հատվածը։ Նա ասել է, որ դեկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը պաշտոնապես իր պահանջները փոխանցել է Ռուսաստանին։
«Ռուսաստանը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի։ Ո՞րն է այս պահանջների էությունը։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։
Սրանք մեր պայմաններն են: Դրանցից առաջինն արվել է երեկ։ Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։
Այս բոլոր պայմանները գործում են: Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա»,-նշել է նա։