Տավուշում ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում, հետաձգվում են․ Սարգսյան


Տավուշում ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում, հետաձգվում են․ Սարգսյան
Դեկտեմբեր 27 19:11 2024
Տավուշում ծրագրերը խայտառակ ձևով ձգձգվում, հետաձգվում են, այդ մասին ֆեյբուքյան էջում գրում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
 
«Դեկտեմբերի 25-ին կայացած Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստում Տավուշի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Հայկ Ղալումյանը ներկայացրել է 2024 թվականին մարզում կատարված աշխատանքները։ Նա հայտարարել է, որ 2023 թվականի համար վերջնական հաստատված 4,4 մլրդ. դրամ արժեքով 17 սուբվենցիոն ծրագրերից (ասֆալտապատում, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամատակարարում և ջրահեռացում, պուրակների բարեկարգում, տեխնիկայի ձեռքբերում, ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգում, փողոցների տուֆապատում, կանգառների կառուցում) 8 ծրագիր տեղափոխվել է 2024 թվական: 2024 թ-ին վերջնական հաստատվել է 20 սուբվենցիոն ծրագիր 5,9 մլրդ. դրամ արժեքով, որից 4-ը ավարտվել է ամբողջությամբ, 8 ծրագիր՝ մասամբ, իսկ 8 ծրագիր գտնվում է տարբեր փուլերում:
 
Հավելենք,որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ,-ի վերջին ,շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Աշխատանքների մոտ 30 տոկոսն է արված , այժմ շինաշխատանքներ չեն ընթանում։ 2021թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ 

Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ 

Ի պատասխան լրագրողական հարցմանս, այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզպետարանից հայտնել են․ «Գանձաքարի դպրոցի շենքի շինարարություն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի» ։Տարին ավարտվում է , սակայն Գանձաքարի դպրոցի շենքը շահագործման չի հանձնվել»,- նշել է նա։