Ակնհայտ է, որ իմ իմացած գիտելիքն այլեւս չի ծառայում իր նպատակին, նորովի պետք է սովորեմ միտքս հասանելի ձևակերպել․ Աննա Հակոբյան


Ակնհայտ է, որ իմ իմացած գիտելիքն այլեւս չի ծառայում իր նպատակին, նորովի պետք է սովորեմ միտքս հասանելի ձևակերպել․ Աննա Հակոբյան
Դեկտեմբեր 26 16:24 2024
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
««Մեջբերում 1 - «Դեռեւս վերածննդի եւ լուսավորության դարաշրջանից կրթության նպատակը դիմացինին ու շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է: Չկա կրթություն առանց իմացության, եւ չկա իմացություն առանց կասկածի: Կասկած նախ սեփական գիտելիքի, ապա դիմացի մարդու եւ աշխարհի ճանաչման գործընթացում (…)»։
 
Մեջբերում 2 - «Մյուս կողմից՝ ավելի պարզ է դառնում, որ սույն «արշավի» նպատակը ոչ այլ ինչ է, քան քարոզչական հնարք սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու եւ իրենց քննադատների դեմ հանելու համար(….)»։
 
Մեջբերում 3 - «Իրենք էլ գիտեն, որ զբաղվում են ոչ թե կրթության հանրահռչակմամբ, այլ քաղաքական քարոզչությամբ (…)»։
 
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը 1-ին միտքը գիտական բարձունքներից իրական կյանք տեղափոխելն է։ Այսինքն, անձամբ կրթվել, կրթել, փոխվել, մեր միջավայրը փոխել այնպես, որ այս եւ շատ այլ թեզեր չօգտագործվեն միայն հոդվածներն ու ճառերը զարդարելու համար։
 
Օրինակ, եթե մեջբերումների հեղինակը հետեւեր անվիճելի թեզին, որ «կրթության նպատակը դիմացինին եւ շրջակա աշխարհը ճանաչելն ու հասկանալն է», նա սեփական կրթվածությունը ճիշտ կծառայեցներ իրեն, կասկած կունենար սեփական գիտելիքի հանդեպ, վստահ չէր լինի, որ ճանաչում է ինձ, հասկանում է իմ մոտիվացիաները, ինչի արդյունքում նրա 2-րդ, 3-րդ պնդումները պարզապես չէին «ծնվի»։
 
Իսկ ինչու է կարեւոր այս պատճառահետեւանքային կապը։ Շատ կարեւոր է, որովհետեւ հեղինակի պնդումները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Ու քանի որ իրականության հետ կապ չունեն, չեն կարող նաեւ իմ կողմից որպես քննադատություն ընկալվել։
Ինչքանո՞վ լուրջ կընդունի հեղինակը, եթե իր դիմաց դրված լինի խնձոր, եւ մեկը երկար, հիմնավոր, տարբեր մեջբերումներով ու շատ ինքնավստահ իրեն բացատրի, թե ինչու այդ տանձը լավ տանձ չէ։
 
Եկեք 2025 թվականը հայտարարենք նորովի կրթվելու տարի
Սովորենք մեր արդեն սովորածը
Հասկանանք մեր արդեն կարդացածը
Եթե չենք սովորել, սովորենք
Եթե չենք կարդացել, կարդանք»։
 
Պատասխանելով օգտատիրոջ մեկնաբանությանը՝ Հակոբյանը նշել է․
 
«Տվյալ դեպքում թերեւս ես բավարար չափով գիտելիք չունեմ ասելիքն այնպես ձեւակերպելու համար, որ ձեզ, որ ենթադրում եմ այս հանրային դիսկուրսի մաս չեք եղել նախկինում, նույնպես հասկանալի լիներ։ Թեեւ ես էլ լրագրող եմ եւ գրելու երկար տարիների փորձ ունեմ։ Ուստի ինքս ինձ ասում եմ՝ պետք է սովորել ժամանակի հետ քայլել, ակնհայտ է, որ իմ իմացած գիտելիքը այլեւս չի ծառայում իր նպատակին, ու ես նորովի պետք է սովորեմ միտքս հասանելի եւ հասկանալի ձեւակերպել, տիրապետեմ նոր գիտելիքի, նոր գործիքների, եւ դրանք կիրառեմ։ Այդ գիտելիքն ու գործիքները հասանելի են անգամ օնլայն հրթակներում, պետք է ուղակի ձեռքը պարզել եւ վերցնել։
 
#կրթվելընորաձեւէ արշավը նաեւ այս իրավիճակի մասին է»։