Անընդմեջ Հայաստանի առաջ պահանջներ դնող Բաքուն կրկին Երևանից պահանջում է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում ներկայացված հայցերից։
Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
Ադրբեջանական կողմը այս հանդիպմանը ևս առաջ է քաշել այն կեղծ թեզերը, թե Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ կան «Ադրբեջանի ու նրա տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Ադրբեջանական կողմը նշել է, թե հայկական կողմը պետք է հրաժարվի այդ պահանջներից։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։