Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը նոյեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Ավստրիայի դեմ կայանալիք վճռորոշ հանդիպման մասին, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
Ղազանչյանն ընդգծել է, որ Ավստրիան համարվում է հանդիպման ֆավորիտը, քանի որ նրանց թիմը կազմված է փորձառու բասկետբոլիստներից, որոնք երկար տարիներ միասին են հանդես գալիս․
«Ավստրիան ունի ուժեղ կազմ և ավելի երկար պահեստայինների նստարան, ինչը դժվարացնում է մեր առաջադրանքը։ Սակայն մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել։ Պետք է կենտրոնանանք մեր թիմի պաշտպանության վրա, իսկ երկրպագուների աջակցությունն անփոխարինելի դեր կխաղա հաղթանակի հասնելու համար»,- նշել է մարզիչը։ Մարզիչը շեշտել է նաև թիմի առաջատարների՝ Քրիս Ջոնսի, Անդրե Սփայթ Մկրտչյանի և Ալբերտ Թադևոսյանի դերը։ «Այս խաղացողները կարող են դառնալ առաջնության լավագույններից, և մենք լիահույս ենք, որ նրանք կփայլեն նաև Ավստրիայի դեմ խաղում»,- մեջբերում է Ղազանչյանին Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավաքականի առաջատար Ալբերտ Թադևոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ թիմը նախապատրաստական լավ շրջան է անցել։
«Մենք երկար ժամանակ ենք տրամադրել այս խաղին նախապատրաստվելու համար։ Մեր երկրպագուները միշտ մեզ մեծ էներգիա են փոխանցում, և նրանց աջակցությունը կօգնի մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասել է Թադևոսյանը։