Քաղաքապետարանը չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը


Քաղաքապետարանը չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
Նոյեմբեր 22 15:52 2024

Քաղաքապետարանը Factor TV-ին այսօր չի թույլատրել ներկա լինել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպված մրցույթին՝ թեև մրցույթը պետք է հրապարակային լինի։

«Factor TV-ի լրագրողին և օպերատորին այսօր թույլ չի տրվել մուտք գործել այն սրահ, որտեղ մրցույթն է անցկացվում։ Ո՞րն է արգելքի պատճառը՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար  Տարոն Գևորգյանից․ նա հայտնեց, թե մրցույթը լուսաբանելու համար պետք էր 2-3 օր առաջ դիմել։ Լրագրողի դիտարկմանը, որ Հանձնաժողովն ընդամենը մրցույթից մեկ օր առաջ է ձևավորվում, Տարոն Գևորգյանը շարունակեց նդել, որ պետք էր նախապես դիմել՝  հղում կատարելով մի հրամանի, որում նախապես դիմելու վերաբերյալ որևէ դրույթ առկա չէ։ Խոսքը 2006 թվականին ընդունված «ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի՝ Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու հարգը հաստատելու մասին  տարածքային կառավարման նախարարի» հրամանի մասին է։ Այս հրամանի ուսումնասիրությունը փաստում է ճիշտ հակառակի մասին․ Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթին ներկա լինելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ։ Հրամանում որևէ դրույթ առկա չէ այն մասին, որ լրատվամիջոցները պետք է նախապես որևէ դիմում ներկայացնեն։ Ավելին, նախարարի՝ 2006 թվականի հրամանում առկա են մրցույթի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կարգավորումներ, որում Հանձնաժողովին վերապահված չէ մրցույթի սկսվելուց առաջ՝ այսինքն՝ նախապատրաստական փուլում ԶԼՄ-ների մասնակցության վերաբերյալ որևէ որոշում կայացնելու գործառույթ։ Այս կարգավորումնհերից բխում է, որ այն պահին, երբ մրցույթը լուսաբանելու համար որևէ լրատվամիջոց կներկայանա՝ այն լուսաբանելու, Հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի լրատվամիջոցի ներկայության հարցը և որոշում կայացնի։ Հարցի վերաբերյալ, թե հրամանի ո՞ր կետով է սահմանվում, որ մրցույթը լուսաբանելու համար պետք է նախապես դիմել, Տարոն Գևորգյանը, փաստորեն, ապավինում է ոչ թե օրենքին, այլ տրամաբանությանը՝ նշելով, թե լրատվամիջոցի կողմից նման գործելաոճը տրամաբանական է, որպեսզի հնարավոր լինի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել։ Գևորգյանը նաև պնդեց, որ այն պահին, երբ մրցույթն արդեն սկսված է, ինքն իրավունք չունի խոչընդոտելու մրցույթի ընթացքն ու ԶԼՄ-ի ներկայության հարցով դիմելու Հանձնաժողովին։ Այնուամենայիվ, մեր բազմաթիվ պնդումներից հետո Գևորգյանը հայտնեց, որ մուտք է գործել սրահ, սակայն,  Հանձնաժողովի անդամներն իրեն թույլ չեն տվել հայտնել ասելիքը՝ պատճառաբանելով, որ խանգարում է մրցույթի գործընթացին»,-գրում է լրատվամիջոցը:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում: