Թրամփը խոսել է Պուտինի հետ՝ հորդորելով նրան չէսկալացնել իրավիճակն Ուկրաինայում


Թրամփը խոսել է Պուտինի հետ՝ հորդորելով նրան չէսկալացնել իրավիճակն Ուկրաինայում
Նոյեմբեր 11 08:39 2024

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Պուտինը և Թրամփը զրուցել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո առաջին անգամ։  

Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։

Թրամփը և Պուտինը նաև քննարկել են Եվրոպայում խաղաղությունը։ 

«Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», - հավելել են լրատվամիջոցի աղբյուրները։