Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է․ Սամվել Ֆարմանյան


Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է․ Սամվել Ֆարմանյան
Հոկտեմբեր 21 09:03 2024
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Երրորդ հանրապետության քաղաքական համակարգը փլուզված է, կազմաքանդված է իր բոլոր բաղադրիչներով՝ կուսակցություններ, գաղափարախոսություններ, արժեքներ, իմաստներ, առաջնորդներ, սիմվոլներ, ընտրական համակարգեր, հաղորդակցության եղանակներ և այլն:
 
Քաղաքական դերակատարների շատ մեծ մասն այս պարզ իրողությունը չեն էլ նկատում. ամբողջ թափով շարունակում են խոսել հիմնականում անցյալի մասին՝ փորձելով ապացուցել սեփական անսխալականությունը, հակադրել ու հակադրվել՝ այդպես փաստացի մնալով ու ապրելով անցյալում: Մինչդեռ ժողովուրդը հնարավոր բոլոր եղանակներով գոռում է՝ ինձ անցյալն այլևս հետաքրքիր չէ, իր բոլոր փուլերով ու գույներով, մեղավորներով ու անմեղներով, հետաքրքիր չէ:
 
Այս ամենը նման է գիտե՞ք ինչին: Մարդն ամուսնանում է կնոջ հետ և վերջինիս հետ միասին իր տուն է տեղափոխվում նաև զոքանչը: Հետո կինը ինչ-ինչ պատճառներով մահանում է, բայց զոքանչը շարունակում է պնդել, որ մնալու է փեսայի տանը, չնայած որ նրանց կապող միակ կապող օղակը՝ կինն արդեն չկա, մահացել է:
Պարոնայք և տիկնայք, երրորդ հանրապետությունն այլևս չկա: Ապագա Հայաստանն այլևս երբեք նախկինը, դրա բնական շարունակությունը չի լինելու: Ձեր որևէ քաղաքական առաջարկ, միտք, ծրագիր, ուստի, պետք է վերաբերի ապագային, բացառապես ապագային: Ուրիշ բան չեմ ասում՝ շփվեք ուսանողության, երիտասարդության հետ ու կհասկանաք, որ դա այդպես է: Ճիշտ թե սխալ, լավ թե վատ՝ այդպես է»: