Պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հասարակական դիսկուրսը պետք է լրջանա


Պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հասարակական դիսկուրսը պետք է լրջանա
Հոկտեմբեր 16 15:43 2024

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի գործընթաց է ընթանում, թվում է, թե հանրության համար հենց դա պետք է դառնա բուռն հասարակական-քաղաքական բանավեճի և համախմբման ակնկալիքով լայն քննարկման առարկա։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է մեր երկում։

 

Պատմական իրադարձությունների զարգացման ներկա փուլում, երբ քաղաքական ճգնաժամերի փոթորիկը գնալով ուժգնանում է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն անվերահսկելիորեն անկում է ապրում, հասարակության, ինչպես նաև քաղաքական հավակնություններ ունեցողների (կամ այդպիսի նկրտումներ ցուցադրողների) ուշադրությունը կենտրոնացած է գործադիր, օրենսդիր կամ իշխանության այլ թևերի ու կառույցների առանձին ներկայացուցիչների միջև փողոցային վեճերի քննարկման վրա։ Այս դիտարկումը կրկին ստիպում է մեզ արձանագրել, որ մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին։ Ակտիվորեն քննարկվում է այս կամ այն իշխանավորի ամբարտավան կեցվածքը, նրա հետագա պաշտոնավարման դադարեցման հավանականությունը, ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում ընտրովի արդարադատություն իրականացնելու՝ ուժայինների «ինքնախոստովանությունը» և այլն։

 

Սա նման է այն իրավիճակին, երբ խարխլված հիմքով շենքի հիմնանորոգման համապարփակ նախագծեր առաջարկելու փոխարեն, լուրջ դեմքերի արտահայտությամբ քննարկվում է տանիքի սալիկները փոխարինելու անհրաժեշտությունը։ 

 

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հետևաբար, հասարակական-քաղաքական դիսկուրսը պետք է լրջանա՝ վերանայելով իր առաջնահերթությունները և կենտրոնանալով պետության գոյատևման և վերականգնման կարևորագույն մարտահրավերների վրա: Միայն լայն և խորքային բանավեճի, ողջախոհությանը դիմելու և հիմնարար խնդիրների, այլ ոչ թե մակերեսային բախումների վրա կենտրոնանալու միջոցով է կարելի գտնել երկրի պետականության սուբյեկտայնության փշրանքները համախմբելու և անդունդից դուրս հանելու ճանապարհը: 

 

Չնայած․․․ ազնվորեն պետք է խոստովանել, որ այս ամենը ժամանակակից քաղաքական համատեքստում հիշեցնում է մեկ ռեժիսորի կողմից միաժամանակ բեմադրված և ընթացող մի քանի պիեսների, որոնց հիմնական նպատակը՝ հենց առաջնայինը երկրորդականի հետ խառնելն է՝ նպատակ հետապնդելով առաջիկա (արտահերթ կամ հերթական) ընտրություններից առաջ ընտրազանգվածի պառակտման ու մասնատման, ինչպես նաև ընդդիմադիրների ուժերի ապակենտրոնացման ու ջլատման»։