«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»


«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 20 08:44 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին եւ նշանակումից մեկ տարի անց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը իշխանության եկել է «նախկինների» աջակցությամբ եւ միջամտությամբ։

Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի մտերիմ ընկերուհին է։ Ավանեսյանը 90-ականներին հայտնի Դեղագիտական ասոցիացիայի նախագահ ու «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։

Ավանեսյանի կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջանակի հետ ներկայումս, կարծես, սառեցված են, սակայն իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Ուիգմոր» բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարությունը բացումից օրեր անց 600 միլիոն դրամ՝ գրեթե 1,5 միլիոն դոլար գումար հատկացրեց։

Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։