Եթե քննադատություն է հնչում պետական մարմնի հասցեին, պետք է բովանդակային կետերով գնանք, հասկանանք դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի գրառումներին՝ 10 միլիոնից ավելի հարկային պարտավորության դեպքում տնտեսվարողին կալանավորելու վերաբերյալ, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Հիմա ՔՕ-ում կա այսպիսի կարգավորում, որը չի համարվում լավ պրակտիկա: Ասում է, եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես կվերադարձնես գումարը ու կազատվես քրեական պատասխանատվությունից: Իմ կարծիքով, այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային իրավիճակը խաթարվել է: Օրինակ, նույն շուկայում գործում են երկու տնտեսվարող սուբյեկտ, մեկը գործում է լրիվ կարգապահ, վճարում է բոլոր հարկերը, մյուսը խուսափում է: Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից էլ ավելի փոքր մասը, տնտեսվարողը ասում է՝ շատ լավ, դե բերեմ գումարը վճարեմ ու ազատվեմ քրեական պատասխանատվությունից: Սա որքանո՞վ է արդար՝ կարգապահ հարկ վճարողի նկատմամբ»,- ասաց նա:
Բադասյանը ընդգծեց, որ իրենք առաջարկում են նախաքննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը, ֆիզիկական անձն ավելի պաշտպանված է:
«Իրենք պնդում են թողնել այն կարգավորումները, որոնք հիմա կան: Մերկապարանոց պնդում է նաև այն, որ տեսուչը կարող է սխալ տուգանած լինի, այս գործընթացում կա քննիչ, դատախազ, որը օրինականության նկատմամբ հսկողություն է անում, դատարան, որը նախնական քննության նկատմամբ իրականացնում է դատական վերահսկողություն, ապա քննում է գործը և կայացնում որոշում:
Հաճախ մարդիկ ուզում են լայնախոհ անձի տպավորություն թողնել, որ շատ ժամանակակից են մտածում, դաշտ են նետում թեզ, որ բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման ճանապարհով և այլն: Բացարձակ սուտ է. պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ բանավիճել ու ապացուցել, որ միջազգային փորձը ճիշտ հակառակն է»,-նշեց Բադասյանը:
որքանո՞վ է արդարացի 10 միլիոն դրամի համար կալանավորել տնտեսվարողին, հարցին ի պատասխան Բադասյանն ասաց.
«Գողության համար չափ չկա, այսինքն, նորմա՞լ է, որ մեկը մյուսից կարող է 5000 դրամ գողանալ ու դրա համար լինի քրեական պատասխանատվություն, բայց այս դեպքում 10 միլիոնը համարում են փոքր չափ: Ամենամեծ շահարկումն այստեղ այն է, երբ ասում են՝ պատահական կամ տեխնիկական սխալի արդյունքում է այն տեղի ունեցել: Պատահական կամ տեխնիկական սխալի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, այդպիսի հոդված չկա, այդպիսի պրակտիկա չկա: Նախ, հնարավոր չէ պատահական սխալով առաջացնել միլիոնավոր դոլարների հարկային պարտավորություններ»:
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ համաձայն է ներկայացվող դիտարկումներից մեկի հետ, որ տնտեսվարողի նկատմամբ պատժամիջոցների չափը փոխվի՝ կախված նրանից, թե ինչ չափի վնաս է պետությանը պատճառվել։