Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը Ալբանիայի դեմ տոնած հաղթանակը հեշտ չի համարում:
«Ալբանիան հասցրել էր տեսնել մեր խաղը, ծանոթ էր մեզ: Եվ մեզ համար ամեն ինչ նրանց կողմից նորություն էր: Բայց այս խաղում կարևորը միասնական խաղն էր, որը մենք ցուցադրեցինք: Ավստրիայի դեմ արտագնա խաղում մրցակիցներն ավելի հանգիստ էին: Սակայն Ավստրիան ֆիզիկապես առավել ուժեղ թիմ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Զարգարյանը:
Նրա խոսքով` խաղավարտին Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթանակի հասնել զամբյուղից անդրադարձած գնդակներին տիրելու շնորհիվ:
«Թեպետ տարիքով եմ արդեն, սակայն երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ: Ինձ համար այս մարզաշապիկը հագնելը ամենահպարտ պահերից է»,- շեշտեց նա: