Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ


Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիս 27 13:47 2023

Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին, սակայն Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և Աղդամ (Ակնա) քաղաքով ապրանքներ տեղափոխելու Բաքվի պատրաստակամությունը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

«Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Այնուամենայնիվ, ափսոսանք է առաջացնում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մոտեցումը, որը հիմնված է հայկական կողմի «կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների» (չակերտները՝ Tert.am) վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։