ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 09-ին՝ ժամը 08:39-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ 64-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վիրավորում սրտի վնասումով, հեմոպերիկարդ, պնևմոհեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան փողոցից:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 55-ամյա բնակիչ է:
Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 9-ի առավոտյան երթուղային ավտոբուսի ուղևորի՝ 55-ամյա տղամարդու և նույն ավտոբուսի վարորդի՝ հիշյալ 64-ամյա տղամարդու միջև վիճաբանություն է առաջացել տրանսպորտում ծխելու շուրջ, ինչից հետո վերջինս, ըստ նախնական տվյալների, երկաթյա առարկայով հարվածել է ուղևորի գլխին, իսկ ուղևորն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վարորդի սրտի և թոքի շրջաններին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել՝ պատահական անցորդների միջամտության և ցուցաբերված առաջին բուժօգնության արդյունքում, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Վարորդը ճանաչվել է տուժող:
Քննությամբ տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործություն կատարած տղամարդու, ինչպես նաև՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ. վերջինս բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում երթուղային ավտոբուսի սրահից հայտնաբերվել և վերցվել է ծխախոտ, առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի կրիչները, որոնք ենթարկվել են զննության, հարցաքննվել են վկաներ: Տուժողի և կասկածյալի՝ միմյանց փոխադարձ հասցված մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։