Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահներին այն է եղել, որ ստատուս-քվոն վերականգնվի․ այս պահանջը երբևէ չենք փոխելու․ Արցախի նախագահ


Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահներին այն է եղել, որ ստատուս-քվոն վերականգնվի․ այս պահանջը երբևէ չենք փոխելու․ Արցախի նախագահ
Ապրիլ 1 16:40 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

 

«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը: