Արևմուտքի սերն էլ, բարությունն էլ, աջակցությունն էլ, ապրումակցումն էլ հրահանգավորված է․․․ Այսօր չէ, որ մենք պիտի համոզվենք դրանում։ Անցյալի դառը փորձից զատ՝ Հայաստանն ու Արցախը, պատերազմական կիզակետերում գտնվող մեր ռազմիկներն ու նաև՝ թիկունքային ժողովուրդս 44 օր տեսանք, զգացինք և հասկացանք, որ թուրքադրբեջանական ագրեսորին դատապարտելու փոխարեն՝ Արևմուտքն իր սովորության համաձայն շարունակաբար հավասարության դնելով էր կողմերին հղումներ անում։
Ընդ որում, դա արվում էր շատ իմիջիայլոց, ուղղակի մի բան ասելու համար։ Իսկ մեծ հաշվով, արևմտյան ժողովրդավարության կանոնակարգային բոլոր դրույթները՝ մարդու իրավունքներից սկսած՝ ազգերի ինքնորոշման իրավունքով վերջացրած՝ չէին գործում։ Ի հավելումն՝ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներն ու Կարմիր Խաչի, մյուս բոլոր միջազգային կառույցների՝ որոշումներն ու բանաձևերը, ընդհուպ՝ հուշարձանների հանդեպ իրականացվող բարբարոսությունների դատապարտումը, ձևական էր և իրականացնողների կողմից չնչին իսկ ուշադրության չէր արժանանում։
Ի դեպ, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի բարբարոսությունների հանդեպ արևմտյան մամուլի քար լռության պատճառների վերաբերյալ մի առիթով երբ զրուցում էի ֆրանսահայ հասարակական գործիչներից մեկի հետ, վերջինս նկատեց, որ ֆրանսիական մամուլի և ԶԼՄ-ների լռությունը կամ տպավորությունը, թե՝ ադրբեջանամետ են, սերտորեն առնչվում է այդ օրերին շրջանառվող տեղեկատվության հետ, թե՝ Էրդողանը 8 միլիարդ եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը չլուսաբանելու համար: Իսկ ի՞նչ երաշխիք, որ այդ կարգի գումարները պարբերաբար չեն փակում արևմտյան լրատվամիջոցների բերանը։
Տեսեք, հետպատերազմական ամբողջ շրջանում նոյեմբերյան եռակողմ համաձայնագրի բոլոր խախտումները բացառապես ադրբեջանն է իրականացրել։ Եվ այդ պարագայում նույնպես աշխարհի արևմտյան կողմից՝ 0 ադեկվատ արձագանք կամ վերաբերմունք։ Բնականաբար, նաև՝ լրատվամիջոցների կողմից։
Եվ այս համատեքստում, մի տեսակ արդեն շատ ծրագրային, շահամոլոկան և նպատակային է այն սրտաճմլիկ և հիստերիկ արձագանքը, որ տեսնում ենք Արևմուտքի կողմից այսօր ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների ընթացքում՝ բացառապես ուկրաինացիների վերաբերյալ։
Իսկ այս ամենին զուգահեռ երբ դիտարկում ենք նույն Արևմուտքի բացարձակ անտարբերությունը պատերազմից հետո դեռ ուշքի չեկած Արցախի և տեղաբնիկների հանդեպ ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերի հանդեպ, ուղղակի հասկանալի է դառնում, որ Արցախում ադրբեջանի ձեռքերն ազատ է թողել Արևմուտքը, դրա համար էլ վերջինս համարձակվում է գազատար պայթեցնել և արդեն մեկ շաբաթից ավելի ցրտի և սառնամանիքի մեջ թողնել 100 000 մարդու՝ ծեր ու մանուկ։ Ըստ ամենայնի, քաղաքացիական բնակչության նկատմամբ այդօրինակ ճնշումների գործադրմամբ վերջինս ցանկանում է հայաթափել Արցախը։ Ինչ խոսք, Արևմուտքը շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է կատարվում, սակայն, բնավ իսկ նրանց հոգը չէ։ Այդ թվում նաև իրենց հիմքում հումանիստական գաղափարներ դավանող հայտնի կազմակերպություններն են լռում և կամ՝ անիմաստ ու հավասարության նշանի ներքո՝ հարցադրումներ ու հղումներ անում։
Բայց օտարներին թողնենք մի կողմ, իսկ ի՞նչ են ասում ու անում ՀՀ իշխանությունները։ Ասելն էլ՝ մի կողմ, քանի որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Արցախի և մեկ շաբաթից ավելի ցրտի ճիրաններում հայտնված արցախցիների վիճակի հետ կապված հասկացանք արդեն, որ ասելիք չունի, քան այն, որ Արցախը բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանման մասին գնահատական տալուց զերծ է մնում, ասելով, թե՝ «փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Բնականաբար, ո՛չ գնահատականն է գնահատական, քանի որ գազատարի՝ միտումնավոր պայթեցումը ազերիների կողմից «խափանում» համարելով՝ նա արդեն իսկ չի արձանագրում, որ ադրբեջանի մեղքով և դիտավորությամբ է դա տեղի ունեցել։ Պարզ է, չէ՞, որ իրավիճակի ճշգրիտ գնահատականն անգամ տալուց խուսափող մարդը այն լուծելու համար ջանք անգամ գործադրելու ունակ չի կարող լինել։ Արդեն իսկ այլ քպականների բերանով լսվել է այս հարցը ռուս խաղաղապահների և ընդհանրապես ռուսական կողմի տիրույթ փոխանցելու մասին, ինչը վկայությունն է մեկ բանի՝ ներկա իշխանությունը Արցախից և Արցախի խնդրից այլևս իրեն ազատագրված է համարում։
Լավ, իսկ ի՞նչ է մտածում այս ուղղությամբ հայրենի ընդդիմությունը, չէ՞ որ արդեն իսկ պարզ պիտի լիներ նրանց համար ներկա իշխանության որդեգրած քաղաքականությունը։ Իշխանություն, որ ժառանգորդն է տերպետրոսյանական՝ Արցախը տանք՝ լավ ապրենք քաղաքականության․․․
Տպավորությու՞ն է, թե՝ իսկապես հայաստանյան ընդդիմությունն էլ իշխանություններին ուղղված ֆեյսբուքյան ձաղկող գրառումներից կամ ԱԺ ամբիոնից մեղադրանքների ու վերին հարթակներից սրամտության տակառներ գլորելուց անդին բան չի անում․ մի տեսակ գործ անելու պատրանք ստեղծելով ժամանակ է վատնում, մինչև․․․ Մինչև չգիտենք ուր, չգիտենք՝ երբ․․․Իսկ Արցախում երեխաները սառում են, մարդիկ մրսում են, Արցախում հումանիտար աղետ է և սպասողական վիճակ։ Առանց գազի և հոսանքի, պարբերաբար՝ թշնամու կրակահերթերի տակ են ապրում մեր հայրենակիցները՝ նորից կյանքի ու մահվան հետ կռիվ տալով․․․
Այս ամենի համապատկերում է հնչում ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստում մեր ներկայացուցչի հարցադրումը՝ կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում․․․
Կկարողանա՞․․․