«Բացառված է՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում». Դ. Բաբայան


«Բացառված է՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում». Դ. Բաբայան
Դեկտեմբեր 28 17:44 2021

«Արցախը Ադրբեջանի կազմում լինելը բացառված է, և մենք կարծում ենք, որ Արցախը չի կորցրել և չի կարող կորցնել որևէ հնարավորություն և իրավունք Ադրբեջանի կազմում չլինելու համար: Արցախում ոչ մի կերպ չեն փոխվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները: Կարգավիճակի խնդիրը կա, եղել է և կմնա բանակցային գործընթացի առանցքային թեմաներից մեկը, և Արցախը պետք է պահպանի իր կարգավիճակը որպես համահայկական արժեք: Եթե դա տեղի չունենա, շատ վատ է լինելու և՛ Արցախի համար, և՛ Հայաստանի. դա կլինի հայոց պետականության համար ինքնասպանությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նախարարի խոսքով՝ Արցախի ճակատագիրը, Արցախի ապագան որոշվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, և սա ցանկացած երկրի անքակտելի իրավունքն է:

«Ո՞վ է ասել, որ չկա հնարավորություն Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմից դուրս, ես չեմ հասկանում, թե որտեղից է գալիս այդ համոզմունքը: Դա միայն կարող է անել Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Ես կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները կան, որպեսզի Արցախը չլինի Ադրբեջանի կազմում:

Ադրբեջանը և Թուրքիան միշտ նախապայմաններով են հանդես գալիս, և նրանք դա երբեք չեն էլ թաքցնում, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ընդունենք նրանց նախապայմանները: Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ ոչ թե Արցախը դառնա Ադրբեջանի մաս, այլ Արցախը ոչնչանա, բայց դա չի նշանակում, որ իրենք պիտի հաջողության հասնեն կամ իրենք ունեն հնարավորություններ, որպեսզի իրենց նպատակները իրականացնեն:

Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք և պետք է կարողանանք նաև առաջ տանել, պնդել մեր դիրքորոշումը և ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում»,-ավելացրեց Բաբայանը:

Արտգործնախարարի խոսքերով՝ եթե Արցախը մենք չպահպանենք որպես համահայկական արժեք, իսկապես շատ բարդ իրավիճակում ենք հայտնվելու, և եթե Արցախը կործանվեց, էլ հնարավոր չի լինի վերականգնել:

 

 

«Այս աշխարհում անհնար բան չկա, եթե պարտությունից հետո ճիշտ հետևություններ ես անում, չես ընկճվում, ապա հիմքեր ես ստեղծում հետագա հաղթանակների համար:

 

Արցախը իրեն պարտված չի զգում, այո, Արցախը ծանր վիրավորում է ստացել, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մեզ պարտված զգանք: Եթե մենք մեր դիրքորոշումն ու սկզբունքայնությունը պահպանում ենք, հետևաբար արդյունքները լինելու են համապատասխան: Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասնական դաշտում, մենք էլ պիտի միասնական դաշտում գործենք, ի՞նչ է, թշնամուց ինչ-որ բան չի՞ կարելի սովորել»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

 

Անահիտ Չալիկյան