ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 28-ին, ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների եւ այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին եւ զարգացման ծրագրերին:
Հանրապետության Նախագահը մայրաքաղաքում այցելել է նաեւ «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորակառույց գրասենյակ: Սերժ Սարգսյանին ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել է խորհրդատվական ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր «Այ-Փի-Էս-Սի»-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Նորաբաց գրասենյակում նախագահը զրուցել է հետազոտական, խորհրդատվական, հաղորդակցական բաժինների եւ առանձին ծրագրերի աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց առօրյա աշխատանքների կազմակերպման մանրամասներին ու ընկերության ձեռքբերումներին:
Շրջայցի ավարտին նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողություն՝ պաշտպանության նախարարության եւ «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջեւ՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ: