Իսպանացի Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Էվերտոնը»։ 61–ամյա մասնագետը լիվերպուլյան ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Նա աշխատանքը կսկսի հուլիսի 5–ին, հաղորդում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը։
Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր իտալացի Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո։ Նա վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։ Լիվերպուլյան թիմն Անգլիայի անցած առաջնությունում գրավել է 10-րդ տեղը։
«Ուրախ եմ միանալ «Էվերտոնին»։ Տպավորված եմ ակումբի ներկայացրած հավակնոտ ծրագրերից։ Ցանկանում եմ հասնել հաջողության այս թիմի հետ։ Լի եմ վճռականությամբ խաղալու մեծ դեր ակումբի ապագա հաջողություններում, որոնց հավատում եմ»,– ասել է Բենիտեսը։
2019 թվականից Բենիտեսը գլխավորում էր չինական «Դալյան Պրոն», բայց այս տարվա հունվարին խզել էր պայմանագիրը։
Բենիտեսը նախկինում գլխավորել է «Վալենսիան», «Լիվերպուլը», «Ինտերը», «Չելսին», «Նապոլին», «Ռեալը», «Նյուքասլը»։