Պատերազմի ամենաթեժ ու արյունալի շրջաններից մեկն Արցախի Ջրականն էր։ Ծանր էր ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում աշխատող «սպիտակ բանակի» համար։ Հիվանդանոցները թշնամու թիրախում էին, իսկ վիրահատական սեղանին զինվորն էր։
Բժշկուհի Լուսինե Սարգսյանը պատերազմի օրերին, շտապօգնության մեքենայի ղեկին նստած, Ջրականից (Ջաբրայիլ) վիրավորների էր տարհանում, զինհոսպիտալ հասցնում, սլանում Գորիս, այնտեղից թթվածին, պլազմա հասցնում Իշխանաձոր և այդպես շարունակ։ Նրան շատերն ասում էին «սկոռու շոֆեր», թեպետ իրականում Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենն էր։
«Ես գնում էի՝ ուր պետք էր՝ առանց մտածելու, վախենալու, իմ կյանքն էդ 18-19 տարեկան տղաների կյանքից թանկ չէր։ Ասում էի՝ Աստված իմ կյանքը տաներ, երկու ջահելի փրկեր, ես գոնե 40 տարեկան եմ, երեխա ունեմ, թող դեռ մի 20 տարի էլ իրենք ապրեին»։
Լոռեցուց արցախցի դարձավ
Լուսինեն ծնունդով Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից է։ 88-ի երկրաշարժը տունը հողին հավասարեցրեց, քույրն էլ հրաշքով փրկվեց։ 2000թ․-ին Լուսինեի մանկավարժ ծնողները տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջան, վերաբնակեցման ծրագրով տեղավորվեցին Իշխանաձոր գյուղում։ Տեղավորվել ասելն այս դեպքում ճոխ է հնչում՝ չկար լույս, չկար ոչ մի հարմարություն, Լուսինեն ասում է՝ իսկական քարե դար էր։ Ինքը ծնողներին մեկ տարի ուշ միացավ՝ համալսարանն ավարտելուց հետո։ Ու ընտանիքը սկսեց զրոյից տուն կառուցել։
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: