Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցությունը Արցախի երեք ընդդիմադիր խմբակցություններին ներկայացրել է ճանապարհային քարտեզ, իրենց պատկերացրած փրկության ճանապարհը, որով առաջարկվել է ադրբեջաներենը Արցախում դարձնել պետական լեզու՝ հայերենի, ռուսերենի հետ միասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորը, ներկայացնելով նախապատմությունը, նշեց, որ դեռեւս 2020 թ. նոյեմբերի 12-ին Արցախի Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել Արցախի նախագահի հրաժարականի պահանջով, չնայած չունեին այդ իրավունքը, քանի որ նրա պաշտոնավարման մեկ տարին դեռ չէր լրացել:
«Սակայն «Միասնական Հայրենիքը» անհասկանալի պատճառաբանություններով ուղղակի չմասնակցեց մեր հետագա խորհրդակցություններին և պայքարի շարունակությանը, որից հետո բոլորիս տվեցին հենց այս ճանապարհային քարտեզը: Ես կարդացել եմ մի քանի նախադասություն և դեն նետել այն, որտեղ նշված էր, որ ադրբեջաները նույնպես պետք է դառնա Արցախի պետական լեզու: Այդ խմբակցության անդամները մինչև հիմա նեղված են, որ մենք չենք կարդացել իրենց ճանապարհային քարտեզը: Դրանից հետո իրենք ասացին, որ մեր ճանապարհները տարբեր են, մենք կառուցողական չենք և այլևս մեզ չեն միանալու», - ասաց պատգամավորը:
Նրա վստահեցմամբ՝ խորհրդարանում նման քննարկումներ այս պահին չկան, սակայն չբացառեց, որ «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամները ինչ-որ տեղ լսումներ են իրականացնում՝ փորձելով կյանքի կոչել իրենց այս ճանապարհային քարտեզը:
«Մայիսի 20-ին մենք նորից պահանջեցինք Արայիկ Հարությունյանի հրաժարականը և քննարկումներին հրավիրեցինք «Միասնական Հայրենիք» կուսակցության ներկայացուցչին: Իրենց խմբակցության ղեկավարը` Գագիկ Բախունցը ասաց, որ պետք է այդ փաստաթղթին ծանոթացնի իր խմբակցության անդամներին, սակայն, անգամ իր հետ չտարավ այն և որքանով տեղեկացված ենք չի էլ ծանոթացրել իր խմբակցության անդամներին այդ փաստաթղթի հետ: Իսկ հաջորդ օրը նա ասաց, որ չեն միանում»,- ասաց նա:
Հակոբյանը նկատեց, որ «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամները միշտ փորձում են տարբերվել իրենց այլաբանական մտքերով:
«Ես միգուցե կհասկանայի, եթե մենք լինեինք կատարյալ խաղաղության մեջ եւ քաղաքական ուժեր փորձեին պոպտուլիզմով շահել մարդկանց սիրտը: Սակայն այս ծանր իրավիճակում, երբ բոլորս գիշեր ու զոր աշխատում ենք, որպեսզի գոնե մի փոքր փոփոխություն ունենանք, իրենք արտահայտում են նման տարօրինակ մտքեր և նեղանում են, որ մենք իրենց մտքերին չենք միանում: Մենք, 3 ընդդիմադիր կուսակցություններս, ունենք կարծիք, որ պարտված իշխանությունը չի կարող շարունակել ղեկավարել»,- եզրափակեց Հակոբյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան