Ադրբեջանը շտապում է սահմանազատման հարցում, քանի որ առաջնորդվում է . «Երկաթը պետք է տաք-տաք ծեծել» ասացվածքով, մինչդեռ այն այդքան էլ դյուրին գործ չէ նախեւառաջ Արցախի հիմնախնդրի պատճառով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեռեւս մայիսի 12-ից Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք՝ այսպես կոչված սահմանների ճշգրտման պատճառաբանությամբ ու արդեն երկու շաբաթ է, ինչի Գեղարքունիքի, Սյունիքի որոշ տարածքներ բռնազավթվել են թշնամի երկրի զինված ուժերի կողմից։ Ավելին՝ նրանք փորձում են նորանոր տարածքներ վերցնել իրենց հսկողության տակ ու սահմանային միջադեպերն արդեն շատ ավելի սուր դրսեւորումներ են ստանում։ Նիկոլ Փաշինյանը դեռեւս մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ, իսկ մայիսի 25-ին Գեղարքունիքում տեղի ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ զոհվել է հայ զինվոր։ Իսկ այսօր Ադրբեջանը փորձեց սլաքներն ուղղել հայկական կողմի վրա՝ հայտարարելով, թե, իբր, մայիսի 24-ից 26-ը հայկական կողմը գնդակակոծել է ադրբեջանական դիրքերը: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրեց նաեւ Շուշի քաղաքի մերձակայքում ՝ Արցախի տարածքում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ, ինչը հերքվեց, ռուս խաղաղապահները եւս հավաստել են, որ հայկական կողմից Արցախում կրակոցներ չեն եղել :
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ այսօրինակ ստահոդ հայտարարություններով ադրբեջանցիները փորձում են լարվածության պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Սա իրենց գերագույն նպատակն է, իսկ նվազագույնը՝ ինչ-որ կերպ արդարացնել նրանց կողմից հրադադարի ռեժիմի խախտումը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք, իբր, ստիպված են պատասխանել հայկական «սադրանքներին»:
«Այս ամենը հակահայկական քաղաքականության դրսեւորում է, որն իրեն զգացնել է տալիս ինչպես տեղեկատվական ոլորտում, այնպես էլ առօրյա կյանքում », -նշել է Բաբայանն ու ավելացրել, որ Ադրբեջանը շտապում է սահմանազատման հարցում, քանի որ առաջնորդվում են «Երկաթը պետք է տաք-տաք ծեծել» ասացվածքով:
«Քանի դեռ պատերազմի հետևանքները թարմ են, Բաքուն կարծում է, որ այս հարցը պետք է լուծել: Մինչ մարդիկ և հասարակությունը սթրեսի մեջ են, ցնցված են կատարվածից, նրանք փորձում են այս իրավիճակը իրենց համար հնարավորինս շահավետ ձևով լուծել», - նկատել է Բաբայանը: Մինչդեռ, ինչպես փաստեց մեր զրուցակիցը, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այսօր դժվար է սահմանազատում իրականացնել՝ առաջին հերթին Ղարաբաղի պատճառով:
«Կան տարածքներ, որտեղ սահմանազատումը հեշտ է իրականացնել, իսկ Գեղարքունիքից մինչև Արաքս ընկած հատվածը Արցախի Հանրապետության տարածքն է, որը բռնազավթված է Ադրբեջանի կողմից: Հարց է առաջանում ո՞ւմ է պատկանում այս տարածքը: Մեկ այլ հարց ՝ արդյո՞ք այս սահմանագծումից հետո Արցախը համարվում է ադրբեջանական: Սրանք քաղաքական, աշխարհաքաղաքական, բարոյական և պատմական բնույթի հարցեր են: Այսպիսով, կան հատվածներ, որտեղ սահմանազատումը հեշտ է իրականացնել, դրանք զուտ տեխնիկական խնդիրներ են: Իսկ Ղարաբաղի հարցը, նրա կարգավիճակը, պատկանելությունը, Ադրբեջանի կողմից օկուպացված իր տարածքների խնդիրները շատ դժվարություններ է պարունակում », - արձանագրել է Բաբայանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան