Սոցիալական խնդրիրներն Արցախում բազմաթիվ ու բազմապիսի են այս փուլում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրներից է տեղահանված, անտուն մնացած մարդկանց տանիքով պահովելը: «Փաստացի գրեթե ազատ բնակարաններ չկան, իսկ եղածներն էլ աստղաբաշխական գումարներով են վաարձակալության տրվում: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ հիմա ժամանակը չէ հարստանալու, առավել ևս հիմա մենք պետք է մեկս մյուսին թիկունք կանգնելով կարողանանք այս խնդիրը լուծել, որովհետև իշխանություններն ի վիճակի չեն դա անելու: Ինչ-որ անկազմակերպ ձևով մարդկանց տեղավորելու նախապատվություն է տրվում, իսկ մնացածը, թե ինչ ձևով են կացարանի հարցը լուծում, հասկանալի չէ ու հիմնականում իրենց միջոցներով են անում»,- ասաց պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ սոցիալական խնդիրները միայն տանիք ունենալը չէ, այսօր համակարգված չի կատարվում նույնիսկ մարդկանց օգնության տրամադրումը: Ըստ նրա՝ ով իր սեփական ուժերով կարողանում է հարցեր լուծել, նա ավելի բարվոք պայմաններում է գտնվում, ով ավելի լուռ ու համեստ է՝ հիմնականում դուրս է մնում այդ գործընթացից: «Իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ ունենք ենթակառուցվածքների հետ՝ կապված գազամատակարարման վերականգնման, հոսանքի խնդրի հետ. այսօր կան տեղեր, որ հոսանք չկա, չի ստացվում կարգավորել, որի համար դեռ ամիսներ են անհրաժեշտ լինելու: Այսինքն՝ նույիսկ մարդկային կեցության տարրական պայմաններ ապհովելն այսօր խնդիր է Արցախում»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: