Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն նպատակադրում. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)


Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն նպատակադրում. Սերժ Սարգսյան (լուսանկարներ)
Մայիս 26 15:12 2017

Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն եւ հետեւողական նպատակադրում: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությանը:

Նախագահի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Սիրելի՛ մրցանակակիրներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք եւ շփվում նման հաճելի առիթով՝ պատշաճ գնահատելով ձեր վաստակը:

Այդ գործում արդեն տարիներ շարունակ մեզ սատարել են Պողոսյան ընտանիքի հարգարժան անդամները: Օգտվելով առիթից՝ ելույթիս հենց սկզբում ցանկանում եմ բոլորիս անունից մեկ անգամ եւս երախտագիտություն հայտնել նրանց այս կարեւորագույն աշխատանքը համատեղ կատարելու համար:

Սիրելի՛ Ժան, արդեն տարիներ շարունակ մենք միասին բացահայտում ենք մեր երկրի եւ ժողովրդի ստեղծագործական ներուժը, խրախուսում ենք մեր գիտնականներին եւ արվեստագետներին՝ շարունակելու իրենց նվիրական աշխատանքը: Սա լուրջ ներդրում է Հայաստանի շենացման գործում, եւ, անշուշտ, մեծապես գնահատում ենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Ըստ ավանդույթի, մեր ժողովրդի ստեղծագործական մտքի եւ թռիչքի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը՝ հայոց այբուբենը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին երեւացել է տեսիլքի ձեւով: Պատմաբաններն ասում են, որ շատ գիտական հայտնագործություններ պատահականության, անգամ երազի արդյունքում են կատարվել:

Նման պնդումները կարող են հիմքեր ունենալ, սակայն ճշմարտությունն արտացոլում են միայն մասամբ: Այո՛, պայծառացումը կարող է տեղի ունենալ վայրկենապես՝ անգամ ենթագիտակցության մեջ: Սակայն նման, այսպես ասած, «պատահականությունները» տեղի են ունենում միայն այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ հող են պատրաստել դրա համար:

Ստեղծագործական աշխատանքը պահանջում է տարիների սեւեռուն եւ հետեւողական նպատակադրում: Տեղեկատվության, գիտելիքի, հմտության եւ փորձի համադրումը երբեք չի կարող անհետեւանք լինել: Դրանք են այն ամուր հիմքերը, որ բերում են ստեղծագործական թռիչքի: Ամեն մի վայրկենական պայծառացման պատմության թիկունքում թաքնված է երկար տարիների տքնաջան աշխատանք:

Վստահ եմ, որ այս պարգեւին արժանացած յուրաքանչյուր ոք ունի իր երկարամյա ջանքերի, ճշմարտության փնտրտուքների, սխալների հայտնաբերման եւ շտկման մի յուրահատուկ պատմություն:

Այս պարգեւատրումը առաջին հերթին երիտասարդների համար թող լինի հաջողության պատմության առաջին էջը, որպեսզի նոր պարգեւները եւ միջազգային ճանաչումը չուշանան:

Հարգելի՛ դափնեկիրներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ստեղծագործական մեծ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր ժողովրդի, ի շահ մարդկության»:

Նշենք, որ ՀՀ Նախագահի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2016 թվականի մրցանակ է շնորհվել Բագրատ Էստուկյանին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար, Հանս-Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

Մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը