Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների պրոֆեսոր Փոլ ֆոն Բլումը ծավալուն հոդված է հրապարակել The Progressive պարբերականում՝ անդրադառնալով արցախյան պատերազմին, դրա հետևանքներին և կոչ անելով ԱՄՆ նոր վարչակազմին ճանաչել Արցախն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Շատ քիչ ամերիկացիներ գիտեն, թե ինչ է սեպտեմբերի վերջերից սկսած տեղի ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշում է պրոֆեսորը՝ ներկայացնելով ադրբեջանական հարձակումներն ու դրանց հետևանքները հայ ժողովրդի համար, որը, նրա խոսքով, Արցախի զգալի հատվածի կորուստն է, այդ թվում՝ պատմական և մշակութային նշանակություն ունեցող Շուշիի:
Մասնագետն ուշադրություն է դարձրել պատերազմական օրերին Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայազգի վարպետների ու արվեստագետների ստեղծագործություններին, որոնք նվիրվել են հայ ժողովրդի պայքարին: Ինչպես Բլումը նշում է, այդ ստեղծագործությունների հիմքում ընկած է եղել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հայտնի խորհրդանիշ-քանդակը:
«Պատմականորեն Արցախը եղել է Հայաստանի անբաժանելի մասը և գրեթե ամբողջությամբ հայ բնակչություն է ունեցել: Պատմությունը, իրականում, կարևոր է հասկանալու համար ներկայիս պատերազմը, որն ավարտվել է նոյեմբերի 9-ին արված հրադադարի հայտարարությամբ»,- նշում է մասնագետը՝ վերհիշելով 1921 թվականին կնքված համաձայնագիրը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:
«ԱՄՆ-ի անտարբերությունը և Արցախին օգնելու հարցում ձախողումը խլացրել են Էրդողանի՝ ևս մեկ Օսմանյան կայսրություն վերստեղծելու ակնհայտ մտադրությանը խոչընդոտելու ցանկացած փորձ: Բայդենի վարչակազմի՝ իշխանության գալով ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախն ու անհապաղ ֆինանսական և մարդասիրական օգնություն տրամադրի պաշարված երիտասարդ պետությանը: Այն պետք է աջակցի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: