Գլխուղեղի ծանր վիրավորում ստացած Ալբերտ Մարգարյանը տան միակ աշխատողն էր (լուսանկարներ)


Գլխուղեղի ծանր վիրավորում ստացած Ալբերտ Մարգարյանը տան միակ աշխատողն էր (լուսանկարներ)
Դեկտեմբեր 8 00:06 2020

21-ամյա Ալբերտ Մարգարյանը զորացրվել է 2020 թվականի հունվարի 28-ին և կարճ ժամանակից անցել է պայմանագրային ծառայության ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է ռազմական գործողությունների Հադրութում, հոկտեմբերի 27-ին վիրավորվել է. արկը ընկել է գլխին, բայց չի պայթել: Ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, գանգոսկրի աջ կողմը փշրվել է, կորցրել է աջ աչքի տեսողությունը: Տղային վիրահատել և տեղափոխել են Երևան, վիճակն այժմ կայուն ծանր է:

«Գլխի աջակողմյան հատվածի ոսկորները  փշրվել, թափվել են աչքի մեջ, գլխի մեջ բազմաթիվ փշրված ոսկորներ և բեկորներ կան: Պետությունը հոգացել է բժշկական ծախսերը, բայց ճանապարհի և ընդհանուր ծախսերը հոգում ենք սեփական միջոցներով և բարերարների օգնությամբ: Դեղերը պոլիկլինիկայում չկային, ասացին՝ պետք է դուրս գրենք, որ լինի, բայց գնեցի, ինչքա՞ն կարող էի սպասել, տղաս ցավերի մեջ էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտի մայրը՝ Գայանե Մարգարյանը:

Ալբերտը տան միակ աշխատողն էր: Ընտանիքը չորսհոգանոց է, Ալբերտի մայրը՝ Գայանեն, չի աշխատում, խնամում է երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող որդուն, կրտսեր եղբայրը ժամկետային զինծառայող է, պատերազմի ժամանակ մասնակցել է ռազմական գործողությունների Մարտակերտում, այժմ էլ առաջնագծում է: Ընտանիքը հաշվեհամար է բացել ընթացիկ բուժման և գալիք վիրահատության ծախսերի համար:

«Ալբերտս հույս է ունեցել, որ իր առաջնագծում լինելով, հնարավոր է՝ եղբորն ուղարկեին թիկունք, բայց չի հասել եղբորը: Երբ տղայիս վիճակը կայունանա, կանենք գլխուղեղի և աչքի պլաստիկ վիրահատություն, բայց հնարավոր է՝ տեսողությունը չվերականգնվի: Հույս ունեմ՝ գոնե արտերկրում հնարավոր կլինի վերականգնել որդուս տեսողությունը՝ թեկուզ մասամբ», -ավելացրեց Գայանե Մարգարյանը:

Ալբերտ Մարգարյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներին՝

IDBank-4318270000106888

Acba-Credit Agricole- 9051340204699499

Կամ կապ հաստատել նրա մայրիկի հետ հետևյալ հեռախոսահամարով՝

077125920