Ռուսաստանի խաղաղապահական առաքելության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ղարաբաղի Աղդամ քաղաքի տարածքում, որն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպման ժամանակ ռուս խաղաղպահներն ու Բաքվի ներկայացուցիչները քննարկել են Աղդամի շրջանը Ադրբեջանին փոխանցելու կարգը: Նշվում է, որ այդ ընթացքում քաղաքի մզկիթում 27 տարում առաջին անգամ ազան (մուսուլմանների համար պարտադիր աղոթքի հրավեր – Tert.am) է տեղի ունեցել:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանվորվածության համաձայն՝ այսօրվանից Աղդամի շրջանն անցնում է ադրբեջանական կողմին»,- աղբյուրը մեջբերում է ռուսական զորակազմի շտաբի ղեկավար, գեներալ-մայորԱնդրեյ Վոլկովին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
