Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի շփման գծում պահպանվում է. ՌԴ ՊՆ


Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի շփման գծում պահպանվում է. ՌԴ ՊՆ
Նոյեմբեր 17 21:13 2020

Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է, իրենց տներ են վերադարձել 1207 տեղահանվածներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի երկայնքով: Նոյեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքից վերադարձել է 482 փախստական: Նոյեմբերի 14-ից ի վեր Ստեփանակերտ է վերադարձել 1207 փախստական: Ավտոշարասյուների տեղաշարժման անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահ զորագնդի և ռազմական ոստիկանության հերթապահ խմբերը»,- ասել է Կոնաշենկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: