Կռիվը որ սկսվել է՝ Մատաղիսում ենք եղել, Ասկերանում, այլ տեղերում, ազգի համար, հողի համար կռիվ ենք տվել, հիմա այսպես ստացվեց, այսպես վերջացավ այդ ամենը, բայց կարծում եմ, վերջում ամեն ինչ լավ կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Փայլակ Հովհաննիսյանը։
«Ինչպես ես, այնպես էլ մյուս բոլոր զինվորները թշնամուն դեմ հանդիման կռվել եւ ոչնչացրել է նրան հին վրեժի զգացումով։ Անընդհատ հետ ենք մղել, փորձել ենք պահել մեր հողերը, յուրաքանչյուր ժամկետային իր կռիվը տվել է եւ հաղթել այդ կռվում», ասել է Փայլակը։
Նրա զինակիցներից մեկն ասել է, որ այժմ էլ շարունակում են կատարել մարտական առաջադրանքը․
«Մեր ոգին տեղն է, բայց սրտի խորքում վիշտ ունենք, եթե այս կռիվն այսպես վերջանա՝ այդ վիշտը մեզ բոլորիս կուղեկցի ամբողջ կյանքում, որ Շուշին տվել ենք, որ Շուշին հիմա մերը չի։ Բոլոր ժամկետայինները՝ 18-ից 20 տարեկան, մինչեւ վերջ կռիվ է տվել, որ Շուշին պահի, ժամկետայինից մինչեւ կամավորական ու պահեստազորային, ամբողջ ուժը ներդրել է, որ հասնենք հաղթանակի», ասել է նա։
Երրորդ զինծառայողն էլ հավելել է, որ ոչ մի զինվոր չի լքել դիրքը եւ չի փախել մարտադաշտից, եւ բոլորը՝ ինչ հրաման ստացել են՝ կատարել են։
«Մենք չենք պարտվել, ուղղակի մինչեւ վերջ պայքարելով արդյունքի չենք հասել, բայց պայքարել ենք․․․ ու կպայքարենք», ասել է Արցախի ՊԲ զինծառայողը։