ԱՀԿ. Աշխարհին չեն բավարարում COVID-19-ի դեմ արդյունավետ միջոցները


ԱՀԿ. Աշխարհին չեն բավարարում COVID-19-ի դեմ արդյունավետ միջոցները
Նոյեմբեր 9 18:55 2020

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը հայտարարել է, որ աշխարհին պետք են ավելի արդյունավետ գործիքներ` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար: Այս մասին նա հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վեհաժողովում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հնարավոր է՝ մենք հոգնել ենք COVID-19-ից, բայց այն մեզնից չի հոգնել»,- հավելել է նա:

Նա նշել է, որ պատվաստանյութը միայն մասամբ կլուծի խնդիրը: «Պատվաստանյութը շտապ անհրաժեշտ է համավարակին դիմակայելու համար, բայց այն չի փոխարինում հանրային առողջության համար լավագույն ֆինանսավորման անհրաժեշտությանը»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ համավարակի սկզբից աշխարհում ավելի քան 50,4 միլիոն մարդ վարակվել է COVID-19 կորոնավիրուսով, ավելի քան 1,2 միլիոն մարդ մահացել է:

Մայիսին Գեբրեեսուսն ասում էր, որ այն ժամանակ 1,3 միլիարդ դոլար ֆինանսավորման դեֆիցիտի դեպքում ԱՀԿ-ին անհրաժեշտ էր 1,7 միլիարդ դոլար` կորոնավիրուսի տարածմանը արձագանքելու նորացված ռազմավարական ծրագրի իրականացման համար:

Ապրիլի կեսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն չի հաղթահարում ճգնաժամը, եւ որ ինքը հանձնարարել է ԱՄՆ վարչակազմին դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը նրա աշխատանքի ստուգման ընթացքում: Մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ Թրամփը որոշել է վերսկսել ԱՀԿ-ի ֆինանսավորումը, բայց ոչ ավելի, քան անում է Չինաստանը: Դրանից հետո Թրամփը սպառնացել էր ԱՀԿ-ին, որ եթե կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում չբարելավի իր աշխատանքը, ինքն արդեն մշտապես կդադարեցնի նրա ֆինանսավորումը: